Ադրբեջանում ոստիկանները նետել են պատշգամբից 17–ամյա պատանուն՝ ներկայացնելով որպես ինքնասպանություն

Ադրբեջանում ոստիկանները նետել են պատշգամբից 17–ամյա պատանուն՝ ներկայացնելով որպես ինքնասպանություն

PanARMENIAN.Net - Ադրբեջանի հասարակության շրջանում լայն արձագանք է ստացել 17-ամյա Էլգուն Իբրահիմովի մահը։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ երիտասարդը տեսանկարել է, թե ինչպես են ոստիկանները թմրանյութ տեղափոխում։ Ըստ ընդդիմադիր բլոգեր Մանաֆ Ջալիզադեի՝ ոստիկանները նկատել են երիտասարդին, հետապնդել են նրան, ծեծել, հանել են աչքերը։

Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով ոստիկանները 17-ամյա Էլգունին հանրակացարանի 5-րդ հարկի պատշգամբից դուրս են նետել՝ տեղի ունեցածը ներկայացնելով որպես ինքնասպանություն, հայտնում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը։

Էլգունի ընտանիքը կտրականապես հերքել է ինքնասպանության տարբերակը՝ պնդելով, թե տղան ենթարկվել է բռնության, գլխին լուրջ վնասվածք է ստացել։ Դեպքից մի քանի շաբաթ անց Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, Ներքին գործերի նախարարությունն ու Պետական անվտանգության ծառայությունը տարածել են միացյալ հայտարարություն՝ մերժելով սպանության տարբերակը։ Նրանց վարկածով՝ Իբրահիմովի մարմնի վրա բռնության որևէ հետք չի հայտնաբերվել, իսկ նրա մահը վրա է հասել հիվանդանոցում՝ իբր բարձրությունից ընկնելու հետևանքով ստացած վնասվածքների պատճառով։

Ի տարբերություն պաշտոնական մեկնաբանության՝ մինչ այդ Գյանջայի հիվանդանոցն իր զեկույցում նշել է, որ պատանին իրենց է տեղափոխվել ծեծված վիճակում՝ գանգուղեղային փակ վնասվածքներով, որովայնի ու մարմնի տարբեր մասերի հարվածներով։

Իշխանությունների նկատմամբ խորացող անվստահության ֆոնին՝ բլոգեր Թուրալ Սադըքլըն խոստացել է վճարել 5 հազար եվրո այն անձին, ով կբացի սպանության մեղավորի ինքնությունը՝ անտեսելով պետական վարկածը։

Էլգունի մահվան հանգամանքները հրապարակայնացնելու նպատակով հասարակական ակտիվիստ Նիջատ Ամիրասլանովը ձերբակալվել է թռուցիկներ բաժանելու համար և ենթարկվել 15-օրյա վարչական կալանքի՝ խուլիգանության մեղադրանքով։

Երեխաների պաշտպանության օրվա առիթով Բաքվում մի խումբ երիտասարդներ կազմակերպել են «Արդարություն՝ հանուն Իբրահիմովի» կարգախոսով ակցիա՝ տարածելով թռուցիկներ, տեղադրելով պաստառներ և դիմելով հասարակությանը ու իրավապահ մարմիններին՝ կոչ անելով բացահայտել ճշմարտությունը։

Ակցիան ցրվել է քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից, ովքեր նաև ձերբակալել են մասնակիցներին ու նկարահանողներին։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ ձերբակալվածների թիվը գերազանցել է 60-ը։

Հայտնի է դարձել, որ ձերբակալվածների թվում եղել են նաև անչափահասներ ու երիտասարդ կանայք, որոնց նկատմամբ ոստիկաններն ուղղել են սեռական բնույթի վիրավորական արտահայտություններ։

Ցուցարարների հեռախոսները բռնագրավվել են, ստուգվել են նրանց անձնական հաղորդակցություններն ու կոնտակտները, կոտրվել են սոցիալական հաշիվների գաղտնաբառերը։ Բացի այդ, ցուցարարների հետ կապ ունեցող անձինք ստացել են սպառնալիք պարունակող հաղորդագրություններ՝ ուղարկված ՆԳՆ լոգոտիպով կեղծ հաշիվներից, որտեղ ասվում է․ «Դուք շատ ակտիվ և հաստատակամ եք մեկնաբանություններում, ինձ համար խնդիրներ մի՛ ստեղծեք»։

Իրավապաշտպան Գյուլնարա Մեհդիևան նշել է, որ չնայած որոշ ձերբակալվածների ազատ են արձակել, սակայն նրանց հեռախոսները չեն վերադարձրել։

«Նրանց ճշգրիտ թիվն անհայտ է, քանի որ երկրում չկար անկախ լրագրող, որը կարող էր նկարահանել կատարվածը»,- ընդգծել է իրավապաշտպանը։

Դեռևս 2007 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է․ «բողոքի ակցիաների ժամանակ մարդկանց նկատմամբ բռնություն կիրառած ոչ մի ոստիկան չի պատժվելու, քանի որ վերջիններս կատարում են իրենց «մասնագիտական պարտքը» և «կանխում են ապօրինի, հանցավոր գործողությունները»։ 2013 թվականին Ալիևը վերհաստատել էր իր խոսքերը, թե «իրավապահ մարմինների ոչ մի աշխատակից չի պատժվի»։

Այսպիսով՝ նախագահի խոսքով խաղաղ բողոքի ակցիաները դիտարկվում են որպես հանցանք, մինչդեռ ոստիկանների կողմից թմրամիջոցների տեղափոխումն ու մարդու իրավունքների խախտումները համարվում են մասնագիտական պարտքի կատարում։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---