Իսրայելի օդուժը նոր հարվածներ է հասցրել Իրանի հրթիռային օբյեկտներին

Իսրայելի օդուժը նոր հարվածներ է հասցրել Իրանի հրթիռային օբյեկտներին

PanARMENIAN.Net - Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն Իրանում իրականացրել են մի շարք նոր ավիահարվածներ՝ թիրախավորելով հրթիռների արձակման տասնյակ կայաններ, հրթիռներ և զինամթերքի պահեստներ։

Ինչպես հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) մամուլի ծառայությունը, «վերջին ժամերին Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրանի «ցամաք–ցամաք» տեսակի հրթիռներին։ Հարվածների արդյունքում ոչնչացվել են տասնյակ արձակման կայաններ, հրթիռների պահեստներ և այլ ռազմական օբյեկտներ», հայտնում է ՏԱՍՍ–ը։

Հայտարարվել է նաև, թե «Իրանի արևմտյան հատվածում թիրախավորված օբյեկտներից մեկում ոչնչացվել է հրթիռի արձակման կայան, որը քողարկված էր քաղաքացիական կոնտեյներում»։

Թեհրանի բնակելի թաղամասերին Իսրայելի հարվածները հետևանքով առնվազն 78 մարդ է մահացել, ևս 329-ը վիրավորվել են, հաղորդել է Fars գործակալությունը։

«Թեհրանի նկատմամբ Իսրայելի այսօրվա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվածների ոչ պաշտոնական թիվը հասել է 78-ի, ևս 329-ը վնասվածքներ են ստացել», – նշված է գործակալության հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) սկսել է լայնամասշտաբ ռազմական գործողություն, որի շրջանակում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի միջուկային ծրագրին առնչվող օբյեկտներին և ռազմական թիրախներին։ Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակը հրեա պետության գոյությանը սպառնացող վտանգի կանխարգելումն է, քանի որ բանակի և հետախուզության տվյալներով՝ Իրանը մոտեցել է միջուկային զենքի ստեղծման «անհետադարձ կետին»։

Իսրայելական ավիացիան մի քանի հարվածային ալիք է իրականացրել Իրանի տարբեր շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանում։ Ինչպես տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները, հարձակումների հետևանքով սպանվել են մի շարք բարձրաստիճան զինվորականներ և միջուկային ոլորտի գիտնականներ։ Նշված է նաև, որ հարվածների են ենթարկվել երկրի հյուսիս-արևմտյան հատվածում տեղակայված ռազմական բազաներն ու Նաթանզում գտնվող միջուկային կենտրոնը։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին իր ուղերձում ժողովրդին Իսրայելի հարվածները որակել է հանցագործություն՝ հավելելով, որ «Իսրայելը կանգնած է դառը և սարսափելի ճակատագրի առաջ»։

Photo. AP
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---