Երևանում գրիպի դեմ պատվաստվելու շրջիկ կենտրոններ կգործեն![]() 29 սեպտեմբերի 2025 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի առաջին շաբաթվանից Երևանում գրիպի դեմ պատվաստվելու շրջիկ կենտրոններ կգործեն։ ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) իմունականխարգելման վարչության ղեկավար Զարուհի Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում դրանցից մեկը մշտապես տեղակայված է լինելու Կենտրոն վարչական շրջանում, իսկ մյուսը կշարժվի Երևանի մյուս վարչական շրջաններում։ Նրա խոսքով՝ սուր շնչառական վարակների սեզոնը սկսվում է տարվա 40-րդ շաբաթից, հայտնում է Sputnik Արմենիան։ Նա նշել է, որ վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացության դեպքերն աճել են 1.4 անգամ նախորդ շաբաթվա համեմատ, սակայն նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 1.1 անգամ նվազում։ Նվազում է նկատվել նաև հոսպիտալացման դեպքերում։ Զարուհի Գրիգորյանի տեղեկացմամբ՝ վարակվածների 78 տոկոսը մինչև 18 տարեկան անձինք են, իսկ հոսպիտալացվածների 90 տոկոսը՝ նույն տարիքային խմբից։ ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սվետլանա Գրիգորյանը տեղեկացրել է, որ վերջին 2-3 շաբաթների ընթացքում հանրապետությունում մեկնարկել է գրիպի դեմ պատվաստումների գործընթացը։ Նրա խոսքով՝ ներկա պահին համակարգում առկա պատվաստանյութի քանակը բավարար է՝ ամբողջ երկրի պահանջարկը հոգալու համար։ Ամեն տարի մոտ 200 հազար դեղաչափ գրիպի դեմ պատվաստում է իրականացվում, և այս տարի նույնպես նկատվում է ակտիվ հետաքրքրվածություն։ «Խմբաքանակը համապատասխանում է հանրապետության պահանջարկին, և համակարգն ունի բավարար քանակություն, որպեսզի ապահովի աճող պահանջարկը։ Յուրաքանչյուր տարի մոտավորապես 200 հազար դեղաչափ գրիպի դեմ պատվաստումներ են իրականացվում, ու այդ միտումն ակտիվանում է. այս տարի էլ հետաքրքրվածություն կա»,- ասել է նա։ Նա նաև նշել է, որ արդեն օգտագործվել է բաշխված պատվաստանյութերի մոտ 20 տոկոսը։ Ըստ նրա՝ գրիպի դեմ պատվաստումը կարելի է անցկացնել զուգահեռ այլ պլանավորված պատվաստումների հետ, իսկ հետպատվաստումային արձագանքները համարժեք են մյուս պատվաստումների դեպքում արձանագրվող երևույթներին։ «Պատվաստանյութն առաջնային տրամադրվում է ռիսկի խմբերին` 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, ուղեկցող հիվանդություններ ունեցող անձինք, հղիներ, 65 տարեկանից բարձր անձինք, սոցիալական խնամքի կենտրոնների շահառուներ և աշխատակիցներ, զորակոչի ենթակա անձինք և բուժաշխատողներ»,- նշել է նա։ Զարուհի Գրիգորյանը հավելել է, որ պատվաստումից կարող են օգտվել նաև օտարերկրյա քաղաքացիները, քանի որ քաղաքացիության կամ գրանցման առկայությունը պարտադիր պայման չէ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |