Վերջին 10-15 տարիներին միայն Հայաստանի Շիրակի մարզում հայտնաբերվել է 1200 դամբարան

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում տեղի է ունեցել «Հնագույն պետական կազմավորումները Հայկական լեռնաշխարհում» թեմայով քննարկումը: Քննարկման նախաձեռնողն է «Ծիրանի» հասարակական կազմակերպությունը:



«Հնագույն պետական կազմավորումները Հայկական լեռնաշխարհում» թեմայով զեկույցը ներկայացրեց ԳԱԱ հնագիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:



Վերջին 10-15 տարիներին Հայաստանի տարածքում (հիմնականում հյուսիսային շրջաններում) հնագիտական պեղումների արդյունքում հարուստ նյութ է հավաքվել Հայկական լեռնաշխարհի հնագույն պետական կազմավորումների մասին: Միայն Շիրակի մարզում հայտնաբերվել է 1200 դամբարան:



Ըստ ՀՀ ազգագրության եւ հնագիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի, գտածոների թվում քիչ չեն բրոնզե արձանիկներով զարդարված կառքերով, զինվորական սայլակներով ու այլ իրերով դամբարանները, որոնք վկայում են այն մասին, որ հայտնաբերվել են ազնվատոհմ ընտանիքների դամբարաններ:



«Հիմնական խնդիրը, որի հետ բախվում են Հայաստանի հնագետները, գտածոների տարածքների պաշտպանության համակարգի բացակայությունն է: Պատմական արժեք ներկայացնող բազում տարածքներ վերածվում են շինհրապարակների կամ քարհանքերի: Բոլոր հայտնաբերված հնագիտական օբյեկտներն ոչնչացման սպառնալիքի տակ են` պահպանության բացակայության պատճառով»,-ասել է Պավել Ավետիսյանը:



Հնագետը հավելել է նաեւ, որ վերջին 2-3 տարում, պետությունը սկսել է ֆինանսներ հատկացնել ՀՀ տարածքում հնագիտական պեղումների համար, որի շնորհիվ տարեկան շուրջ 20 հնագիտական ուսումնասիրություն է անցկացվում:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---