Առաջարկ․ Մհեր Մկրտչյանի արձանը տեղադրել Վազգեն Սարգսյան փողոցում![]() 13 դեկտեմբերի 2025 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանին առաջարկում է Վազգեն Սարգսյան փողոցի 6-րդ շենքի հանդիպակաց մայթին հարող կանաչ տարածքում տեղադրել մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի արձանը։ Արձանի հեղինակները վաստակավոր նկարիչ, քանդակագործ Տիգրան Արզումանյանն ու վաստակավոր ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանն են։ Նախագիծն ընդգրվելու է ավագանու առաջիկա նիստի օրակարգում, հայտնում է Factor.am-ը։ Մկրտչյանի արձանը տեղադրելու առաջարկով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին է դիմել Տիգրան Արզումանյանը։ «Կարևորելով Մհեր Մկրտչյանի հիշատակը վառ պահելու, ապագա սերունդներին փոխանցելու, ինչպես նաև անվանի արվեստագետների գործունեությունն ու երախտիքը պատշաճ գնահատելու և ներկայացնելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է տալ համաձայնություն Մհեր Մկրտչյանի արձանի տեղադրմանը»,–ասվում է հիմնավորման մեջ։ 1986 թվականին դերասանի ջանքերով հիմնադրվել է Երևանի քաղաքապետարանի Վ. Աճեմյանի անվան արտիստական թատրոնը։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930 թվականին՝ Գյումրիում։ Նա ուսանել է այդ քաղաքի նկարչական և երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախելով թատերական ինքնագործ խմբակ։ 1945-1946 թվականներին նա կրթություն է ստացել Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, որի ավարտից հետո՝ 1947-ին, ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական կազմում։ 1951-1956 թվականներին ուսանել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Մհեր Մկրտչյանը մասնակցել է բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում՝ «01-99», «Նվագախմբի տղաները», «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկ», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Խաթաբալա», «Հին օրերի երգը», «Կովկասի գերուհին», «Միմինո», «Այբոլիտ-66»։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |