Հայաստանի նախագահը ծաղիկներ է դրել «շախմատի թագավոր» Տիգրան Պետրոսյանի հուշարձանին

PanARMENIAN.Net - Այսօր լրացել է լեգենդար հայ գրոսմայստեր, աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 80-ամյակը: Հոբելյանական տարեթվի կապակցությամբ շախմատի տանը գրոսմայստերներ Արտաշես Մինասյանն ու Տիգրան Պետրոսյանը միաժամանակյա խաղի սեանս են անցկացրել շախմատասերների ու պատանիների հետ: Կազմակերպվել է նաեւ վետերան-շախմատիստների մրցաշար:



Հռչակավոր շախմատիստին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայաստանի նախագահ եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերով նախարար Արմեն Գրիգորյանը: Պաշտոնյաները ծաղիկներ դրեցին Տ.Պետրոսյանի հուշարձանին, որը գտնվում է Շախմատի տան հարեւանությամբ, որից հետո պետության ղեկավարը հետեւեց շախմատիստների խաղին` ոգեւորելով պատանի սկսնակներին հետագա հաջողությունների:



Տ.Պետրոսյանը Հայաստանի, ԽՍՀՄ, Մոսկվայի բազմակի չեմպիոն է եւ աշխարհի կրկնակի չեմպիոն է: 1962թ. Պետրոսյանը, հաղթելով հավակնորդների մրցաշարում, իրավունք ստացավ մասնակցելու աշխարհի առաջնությանը Մ.Բոտվիննիկի հետ, որին հաղթեց 1963թ. եւ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 1966թ. Պետրոսյանը պաշտպանեց իր կոչումը` հաղթելով Բ.Սպասսկուն:



Պետրոսյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում բազմիցս է դարձել օլիմպիական չեմպիոն եւ Եվրոպայի գավաթակիր:



«Շախմատի թագավորը» կամ «Երկաթյա Տիգրանը», ինչպես սովորաբար անվանում են Տ.Պետրոսյանին Հայաստանում, եղել է ԽՍՀՄ եւ ՀՀ ֆիզկուլտուրայի ու սպորտի վաստակավոր գործիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ինչպես նաեւ «64» շախմատային հանդեսի գլխավոր խմբագիր:



Շախմատի ոլորտում նվաճումների համար պարգեւատրվել է «Ժողովրդների բարեկամության» (1981), «Պատվո նշան» (1965) շքանշաններով, «Աշխատանքային խիզախության համար» մեդալով: Պետրոսյանի անունն են կրում Երեւանում գտնվող շախմատիստի կենտրոնական տունը, արհմիությունների շախմատային ակումբը եւ Մոսկվայի պատանի շախմատիստների հեռակա դպրոցը: 1984թ. ի վեր անց են կացվում Պետրոսյանի հիշատակին նվիրված մրցաշարեր, 1987-ից` Մոսկվայում անց է կացվում Պետրոսյանի անվան համամիութենական թիմային պատանեկան մրցաշարը: 1987թ. սահմանվել է Պետրոսյանի անվան մեդալը:



Տիգրան Պետրոսյանը Հայաստանում համարվում է շախմատային դպրոցի հիմնադիր, որը մինչ օրս էլ այնպիսի տաղանդավոր եւ գրագետ շախմատիստների է տվել, ինչպիսիք են Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ.Պետրոսյանը, Արտաշես Մինասյանը եւ այլոք:



Տիգրան Պետրոսյանը վախճանվեց 1984թ. օգոստոսի 13-ին Մոսկվայում: Հուղարկավորվել է Մոսկվայի հայկական գերեզմանոցում:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---