18 հունիսի 2009 - 15:14 AMT
Հայաստանն ու Սիրիան հարմար աշխարհագրական դիրք ունեն նավթի ու գազի տարանցման համար
«Սիրիայի հայերը մեր երկրի լիիրավ քաղաքացիներ են, եւ մենք պետք է օգտագործենք առկա երկկողմ ներուժը տնտեսական կապերի զարգացման համար»,-բացելով հայ-սիրիական գործարար համաժողովն Երեւանում, ասել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը: Ինչպես նշել է Սիրիայի նախագահը, տնտեսական համագործակցության զարգացման եւ ծրագրերի իրականացման համար, Հայաստանի ու Սիրիայի կառավարությունները պետք է անհրաժեշտ իրավական դաշտ ապահովեն, ինչպես նաեւ սկսեն մշակել եւ իրագործել երկարաժամկետ ներդրումային նախագծեր:

«Անշուշտ, Հայաստանի ու Սիրիայի միջեւ ցամաքային սահման չկա, եւ մենք Հայաստանի նախագահի հետ արդեն իսկ անդրադարձել ենք հայ-թուրքական հարաբերություններին: Այդ հարաբերությունների կարգավորումը շահավետ կլինի Հայաստանի, Սիրիայի, Թուրքիայի ու ողջ տարածաշրջանի համար: Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը կնպաստի երկկողմ համագործակցությանը, քանի որ Հայաստանը ելք կստանա դեպի Պարսից ծոց եւ հնարավորություն կստանա զարգացնել հարաբերություններն արաբական երկրնեի հետ»,-ասել է Բաշար ալ-Ասադը:

Նրա խոսքերով, Հայաստանն ու Սիրիան փոքր երկրներ են, սակայն հարմար աշխարհագրական դիրք ունեն նավթի ու գազի տարանցման համար: «Այդ պատճառով է, որ տարածաշրջանի բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով եւ չխանգարեն երկրների միջեւ գործարար կապերի զարգացմանը»,-ասել է Սիրիայի նախագահը:

Սիրիայի նախագահը երկկողմ համագործակցության հեռանկարային ոլորտ է համարել զբոսաշրջության, գյուղատնտեսության եւ առեւտրի ոլորտները: Բաշար ալ-Ասադը հավելել է, որ Երեւանում բանակցությունների ընթացքում քննարկվել են նաեւ երկու երկրների գործարարների ու զբոսաշրջիկների համար պարզեցված վիզային ռեժիմի կամ առանց վիզաների ռեժիմի կիրառման հնարավորությունները: