Երեւանում ցրել են Սահակաշվիլիի այցի դեմ կազմակերպված բողոքի ցույցը

PanARMENIAN.Net - Հունիսի 24-ին ժամը 11:00-ին Հայաստանի նախագահի նստավայրի մոտ «Միտք» վերլուծական կենտրոնը մտադիր էր բողոքի ակցիա անցկացնել Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի Երեւան այցի կապակցությամբ: Երբ ակցիայի կազմակերպիչները փորձել են պաստառներ փակցնել, ոստիկանները խանգարել են նրանց, հայտարարելով, թե պետք է մաքրեն նստավայրի հարակից տարածքը: «Մենք հարցեր ունենք նախագահ Սահակաշվիլիին Ջավախքի հայերի հանդեպ հակահայկական քաղաքականություն վարելու վերաբերյալ: Այսօրվա դրությամբ վրաց իշխանությունները ագրեսիվ քաղաքականություն են վարում հայերի հանդեպ, որի վերջին դրսեւորումը եղավ այն, որ հայ պատգամավոր Շիրակ Թորոսյանի մուտքը Վրաստան արգելվեց եւ սպառնալիքներ հնչեցին Ջավախքի դպրոցների հայ ուսուցիչների հասցեին»,-հայտարարել է «Միտք» կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը:



Ըստ նրա, վերջերս վրաց սահմանապահներն արգելել են հայերեն լեզվով գրքերի տեղափոխումը Վրաստանի տարածք: «Ստացվում է, որ մենք իրավունք չունենք գրքեր ուղարկել մեր հայրենակիցներին: Վրաստանի իշխանությունները մշակութային ցեղասպանություն են իրականացնում Ջավախքի հայերի դեմ»,-ասել է Սարգսյանը: Չնայած նրան, որ ակցիայի կազմակերպիչներին չհաջողվեց անցկացնել նախատեսված միջոցառումը նախագահի նստավայրի մոտ, նրանք հայտարարել են, որ մտադիր են բողոքի ակցիաներ անցկացնել Երեւանի այլ վայրերում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---