25 հունիսի 2009 - 21:58 AMT
Բրազիլիան մտադիր է ակտիվացնել Հայաստանի հետ համագործակցությունը
Հունիսի 25-ին Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսն իր հավատարմագրերի պատճենները հանձնեց հանձնման կապակցությամբ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:Շնորհավորելով տիկին Նիկոդեմոսին` նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց դեսպանին իր դիվանագիտական առաքելության կատարման գործում եւ հույս հայտնեց, որ բարեկամ Բրազիլիայի նոր դեսպանն իր կարեւոր ներդրումը կունենա երկկողմ համագործակցության ամրապնդման եւ խորացման գործում: Իր հերթին դեսպան Նիկոդեմոսը նշեց, որ Բրազիլիան հատուկ համակրանքով է վերաբերվում Հայաստանին եւ հայ ժողովրդին, եւ իր երկրի իշխանությունները մտադիր են գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ համակողմանի գործակցության զարգացման համար:Զրույցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարն ու Բրազիլիայի դեսպանը քննարկեցին քաղաքական երկխոսության եւ փոխայցելությունների ակտիվացման, տնտեսական եւ մշակութային համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման եւ միջխորհրդարանական կապերի աշխուժացման հետ կապված հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: