Հայ-իտալական արշավախումբը նոր բացահայտումներ է արել Շամիրամի հնավայրում![]() 7 հուլիսի 2026 - 17:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Արագածոտնի մարզի Շամիրամ հնավայրում հաջողությամբ ավարտվել է հայ-իտալական համատեղ հնագիտական արշավախմբի 2026 թվականի դաշտային պեղաշրջանը։ Արշավախումբը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու ISMEO-ի (Միջերկրածովյան և արևելյան ուսումնասիրությունների միջազգային ասոցիացիա) միջև երկարամյա գիտական համագործակցության շրջանակում։ Նախագիծը հայկական կողմից ղեկավարել է Վարդուհի Մելիքյանը, իսկ իտալական կողմից՝ Ռոբերտո Դանը։ Մայիսի 26-ից հունիսի 25-ը շարունակված պեղումների հիմնական նպատակը եղել է հնավայրի առանցքային հատվածների ուսումնասիրությունը՝ կենտրոնական Հայաստանի ամենաբարդ հնագիտական լանդշաֆտներից մեկի ժամանակագրությունը, գործառույթներն ու զարգացման փուլերն առավել հստակեցնելու համար։ Շամիրամը բազմաշերտ բացառիկ հնավայր է, որն առանձնանում է ընդարձակ ամրացված ժայռոտ սարահարթով, մի քանի հուշարձանային պաշտպանական գծերով, լայնածավալ բնակավայրերով և կարևոր թաղման համալիրներով։ Նոր ուսումնասիրությունները վերահաստատել են հնավայրի բնակեցման շարունակականությունը՝ սկսած ուշ բրոնզի և երկաթի դարերից մինչև ուրարտական, հետուրարտական, հելլենիստական, ուշ անտիկ, միջնադարյան և հետմիջնադարյան ժամանակաշրջանները։ 2026 թվականի պեղաշրջանի կարևորագույն ձեռքբերումներից մեկը դարձել է թիվ 3 դամբարանի պեղումների շարունակությունը։ Այն ուշ բրոնզի դարի մոնումենտալ թաղումէ՝ համակենտրոն քարե շրջաններով, կենտրոնական քարե դամբանախցով, հարուստ թաղման գույքով, բրոնզե զենքերով, օբսիդիանից և մետաղից պատրաստված նետասլաքների ծայրերով, ինչպես նաև ծիսական զոհաբերության ենթարկված ձիու մնացորդներով։ Այս բացահայտումը նոր արժեքավոր տեղեկություններ է տվել Հայաստանի ուշ բրոնզի դարի համայնքներում տեղական էլիտայի, թաղման ծեսերի և ձիու խորհրդանշական նշանակության ուսումնասիրության համար։ Պեղումների ընթացքում բացահայտվել են նաև կարևոր տվյալներ հնավայրի նախաուրարտական փուլերի վերաբերյալ։ Ուրարտական ամրոցի աշտարակներից մեկի հետևի հատվածում հայտնաբերվել է միջին երկաթի դարի սենյակ՝ հրդեհի և ավերածությունների արտահայտված շերտերով, որին հաջորդել է ուրարտական պաշտպանական համակարգի կառուցումից ավելի վաղ թաղումը։ Այս հաջորդականությունը բացառիկ հնարավորություն է տվել ուսումնասիրելու Արարատի մարզի տեղական երկաթեդարյան կենտրոնի վերափոխումը՝ Վանի թագավորության ընդարձակմանը նախորդած և դրան հաջորդած ժամանակաշրջաններում։ Հետազոտությունները շարունակվել են նաև հնավայրի ամրացված հատվածներում։ Wall 2-ի դարպասային համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ներկայում տեսանելի L-աձև մուտքը, ամենայն հավանականությամբ, վերակառուցվել է հելլենիստական ժամանակաշրջանում՝ փոխարինելով երկաթի դարի ավելի վաղ շերտին։ Միաժամանակ Tower 3-ի պեղումներն ու մաքրումը վերահաստատել են ուրարտական ամրաշինության մոնումենտալ բնույթը՝ բացահայտելով լավ պահպանված՝ մոտ 8.5 × 8.5 մ չափերով մեգալիթյան կառույց։ 2026 թվականի արշավը նոր հեռանկարներ է բացել նաև Շամիրամի հետուրարտական զարգացման ուսումնասիրման համար։ 7-րդ հատվածում (Area 7) բացահայտված սյուների խարիսխները, ուրարտական աշտարակներին հարող ճարտարապետական կառույցներն ու լավ պահպանված միջնադարյան շինությունները վկայել են, թե ինչպես են հնագույն ամրությունները դարերի ընթացքում պահպանել իրենց ազդեցությունը հնավայրի տարածական կազմակերպման վրա։ Այս տարվա պեղումների արդյունքները ևս մեկ անգամ հաստատել են, որ Շամիրամը կենտրոնական Հայաստանի երկարատև պատմության ուսումնասիրման կարևորագույն հնավայրերից մեկն է՝ սկսած ուշ բրոնզի դարի թաղման ավանդույթներից և երկաթի դարի տեղական համայնքներից մինչև ուրարտական հուշարձանային ճարտարապետությունն ու հնավայրի վերօգտագործման և վերափոխման հետագա փուլերը։ Նախագիծը համաֆինանսավորվել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության կողմից՝ Երևանում Իտալիայի դեսպանատան աջակցությամբ և համակարգմամբ։ Հնագիտական նյութերի, մարդաբանական և այլ մասնագիտացված ուսումնասիրությունների, ինչպես նաև հետագա վերլուծությունների արդյունքները շարունակելու են ընդլայնել պատկերացումները Շամիրամի պատմության և Հայաստանի հնագույն մշակութային լանդշաֆտում նրա ունեցած նշանակության վերաբերյալ։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |