30 հունիսի 2009 - 17:23 AMT
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը ժամանում է Մոսկվա
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ընթացիկ շաբաթվա վերջում աշխատանքային այցով ժամանում է Մոսկվա: Մոսկվայում Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը բանակցություններ է վարելու ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ, որի հետ նա հանդիպել էր դեռեւս հունական Կորֆու կղզում ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում:

«Թուրքիան միշտ բարյացակամորեն է վերաբերվել ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամական հարաբերություններին եւ համագործակցության մեխանիզմներին: Չնայած նրան, որ Կորֆուում ՆԱՏՕ-ի եւ ՌԴ ներկայացուցիչների հանդիպումը սիմվոլիկ բնույթ ուներ, ամեն դեպքում, երկխոսության ճանապարն արդեն բաց է»,- հայտարարել է թուրք դիվանագետը, որը ցանկացել է անհայտ մնալ:

Մինչեւ այցելությունը Մոսկվա Դավութօղլուն երկօրյա այցով ժամանելու է Բուխարեստ, իսկ հուլիսի 3-4-ը կմեկնի Ռուսաստան, գրում է Today's Zaman թուրքական թերթը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները: