1 հուլիսի 2009 - 14:20 AMT
Իրանի ԱԳՆ-ն հերքել է Թեհրանում բողոքի ցույցերի կազմակերպմանը Բաքվի մասնակցության մասին տեղեկությունները
Իրանում կայացած նախագահական ընտրություններից հետո տարբեր լուրեր էին տարածվել այն մասին, թե երկրում «գունավոր» հեղափոխություն է ընթանում եւ նրան մասնակից են մի քանի հարեւան երկրներ, մասնավորապես Ադրբեջանը: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը: «Հաշվի առնելով Իրանի հարաբերությունները տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում Ադրբեջանի հետ, մենք չենք հաստատում այն լուրերը, թե Ադրբեջանը մասնակից է Իրանում «կանաչ» հեղափոխության նախապատրաստմանը»,-ասել է իրանցի դիվանագետը:

Իրանում կայացած նախագահական ընտրություններից հետո սկսվել են բողոքի զանգվածային ցույցեր վերընտրված նախագահ Մահմուդ Ահմադինեժադի դեմ: Իրանական MehrNews գործակալությունն օրերս տեղեկություններ է տարածել այն մասին, որ Ադրբեջանի, Թուրքիայի, ՄԱԷ-ի տարածքում խմբեր են նախապատրաստվել Իրանում «կանաչ» հեղափոխության իրականացման համար: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Ատրպատականի (Հարավային Ադրբեջան) բնակչությունը շատ է շփվում Ադրբեջանի քաղաքացիների հետ տարբեր մակարդակներով: «Ինչ վերաբերում է Բաքվում Իրանի դեսպանին, ապա նրան իրոք Թեհրան են կանչել խորհրդակցությունների համար»,-ասել է Սեյեդ Ալի Սաղայանը:

Հունիսի 29-ին Բաքվում Իրանի դեսպանը ետ է կանչվել Թեհրան: Հենց այդ օրը Բաքու էր ժամանել Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, որի այցին Ադրբեջան դեմ էր արտահայտվել Իրանի ղեկավարությունը: