Մադրիդյան սկզբունքներն ընդհանրացված են եւ կոնկրետ չեն

PanARMENIAN.Net - «ԱՄՆ-ում, Սպիտակ տան կայքէջում հրապարակված ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը ներառում է ղարաբաղյան հակամարտության այսպես կոչված հիմնարար սկզբունքները: Պետք է ասել, որ այս փաստաթղթում չկա այնպիսի բան, որը մեզ հայտնի չէր: Մասնավորապես, մոտավորապես սկզբունքների նույն հավաքածուն բազմիցս հրապարակել է Մեթյու Բրայզան: Սակայն ընթերցելիս որոշակի հարցեր են առաջանում: Այդպես, «The Basic Principles call for inter alia...» արտահայտությունը կարող է մեկնաբանվել եւ ապացույց համարվել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները կրկին ինչ-որ բան մինչեւ վերջ չեն ասում»,-PanARMENIAN.Net թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՌԴ Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փոխտնօրեն Անդրեյ Արեշեւը:



Նրա կարծիքով, փաստաթղթում հայտարարված սկզբունքները ընդհանրացված են եւ կոնկրետ չեն, ինչն, ակնհայտորեն, խոչընդոտ կհանդիսանա, եթե այնուամենայնիվ գործը հասնի դրանց իրավաբանական ձեւակերպումներին: «Կարելի է ենթադրել, որ փաստաթղթի հեղինակները ձգտում էին մի փաստաթուղթ կազմել, որն, իրենց պատկերացմամբ, առավելապես փոխզիջումային է (դրանով կարելի է բացատրել տեքստում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին թեզի բացակայությունը): Սակայն հակամարտության էության մասին սխալ պատկերացումները կրկնում են նախկին արատավոր տրամաբանությունը` այն առավելապես բավարարել կողմերից մեկի պահանջները բանակցությունների արդեն առաջին փուլում: Ինչպես կարելի է հասկանալ, խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումները «անվտանգության գոտուց» դուրս բերելու մասին` ինչ-որ մշուշոտ ձեւակերպումների դիմաց, եւ այս առումով փաստաթուղթը չի ցրում երկու հայկական կողմերի տագնապալի կասկածները»,-ասել է ռուս փորձագետը:



Ինչ վերաբերույմ է Լեռնային Ղարաբաղի «անցումային կարգավիճակի» մասին տերմիններին եւ «անվտանգության երաշխիքներին», ապա, ըստ Արեշեւի, առանց մանրամասնելու, այդ ամենը քիչ համոզիչ է: «Ո՞րն է «անցումային կարգավիճակի» առավելությունը ներկայիս ստատուս-կվոյի համեմատ: Հիմնարար սկզբունքների թվում բացակայում է որեւէ հիշատակում հակամարտության գոտու ապառազմականացման եւ թշնամական քարոզչության կասեցման մասին, այն դեպքում, երբ կողմերի փոխադարձ անվստահությունը այս հակամարտության առանցքային հարցերից է: Դա կասկածներ է առաջացնում, որ «անվտանգության երաշխիքներն» ի վերջո կարող են բերել ԼՂ պաշտպանության բանակի միակողմանի զինաթափման պահանջին` նրա սպառազինությունը հանձնելով այսպես կոչված «միջազգային խաղաղապահներին»: Օգոստոսյան իրադարձությունները Հարավային Օսեթիայում ցույց տվեցին միջազգային խաղաղապահ ձեւաչափերի ողջ անհուսալիությունը: Ի սկզբանե ստանալով ցանկալին` Բաքուն միանգամայն կարող է լիովին կորցնել հետաքրքրությունը հետագա բանակցությունների հանդեպ, բոլոր հետագա հետեւանքներով: Ինչ վերաբերում է փախստականների վերադարձի մասին թեզին, ապա ակնհայտ է, որ այն վերաբերվում է եւ ադրբեջանցիներին, եւ հայերին, եւ անխուսափելիորեն հարց է ծառանում, թե ով է վճարելու փոխհատուցումներն այն մարդկանց, որոնք չեն ցանկանա վերադառնալ բնակության նախկին վայրեր: Բալկաններում գործում է ԵՄ-ի հետեւյալ մոտեցումը` արյունահեղ պատերազմից հետո մարդկանց համատեղ բնակության պարտադրելը նպատակահարմար չէ: Ակնհայտ է, որ այդ փորձը պետք է հաշվի առնել նաեւ Հարավային Կովկասում: Կարելի է ենթադրել, որ փաստաթղթի հեղինակները գործել են բարի դրդումներից, այսինքն, հասկանալով հակամարտության անլուծելիությունը, որոշել են կենտրոնանալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա, «հետոի» թողնելով Ղարաբաղը: Բանակցություններն առաջարկված հիմքի վրա կարող են տեւել 10, նույնիսկ 20 տարի: Հենց այդ գործընթացը, ըստ իս, կշարունակվի Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների առաջիկա հանդիպմանը Մոսկվայում», ասել է Անդրեյ Արեշեւը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---