16 հուլիսի 2009 - 19:51 AMT
Երեւանն ու Բաքուն պետք է խորքային փոխզիջման գնան հակամարտության խաղաղ կարգավորման համար
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է խորքային փոխզիջման գնան: Այդ մասին «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը Մոսկվայում: Արդյո՞ք հնարավոր է առաջընթաց բանակցություններում» թեմայով Երեւան-Մոսկվա հեռուստակամրջի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը: «Անկասկած, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հասարակությունները ուրախությամբ եւ ցնծությամբ չեն ընդունի այդ փոխիջումները: Սակայն առանց դրա հնարավոր չէ հակամարտության խաղաղ կարգավորումը: Մենք արդեն տեսել ենք Հայաստանի ու Ադրբեջանի մերձակա հարեւանի փորձը` լուծել հակամարտությունը սեփական դիրքորոշման հիման վրա ու առանց փոխզիջման»,-նշել է ռուս փորձագետը:

Նա հավելել է, որ նման որոշման ընդունման համար անհրաժեշտ է քաղաքական կամքի առկայությունը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մոտ: «Երկու երկրների ղեկավարների վեցերորդ հանդիպումը վկայում է նախագահների մոտ «առաջնորդների ներուժի» առկայության մասին: Անշուշտ առաջիկա հանդիպմանը վերջնական ոչ մի բան չի ստորագրվի, սակայն դա կլինի հաջորդ քայլը եւ հենց այդ քայլերից կարող է ձեւավորվել խնդրի խաղաղ լուծումը»,-հայտարարել է Վլադիմիր Ժարիխինը:

Ըստ ռուս փորձագետի, ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին ոչ միայն միջնորդների ձեռքում է, սակայն նրանք, չկատարելով իրական միջնորդություն, կարող են դժվարացնել հակամարտության լուծման բանալու որոնումն ինչպես Երեւանում, այնպես էլ` Բաքվում: «Այլ հակամարտությունների համեմատությամբ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումները առավելագույնս մոտ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,-ասել է ռուս փորձագետը: