ՀՅԴ. Հայաստանը պետք է վերանայի իր արտաքին քաղաքականությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Արցախի շուրջ այսօր կատարվող իրադարձությունները չափազանց վտանգավոր միտումներ են բովանդակում մեր ազգային-պետական շահերի տեսանկյունից: Ասվում է այսօր ՀՅԴ Գերագույն մարմնի կողմից տարածված հայտարարության մեջ: «Հետզհետե մեծանում է Ադրբեջանի քաղաքական, տնտեսական կշիռը, Թուրքիան ու Ադրբեջանը միջազգային ասպարեզում միասնաբար փորձում են թուլացնել Հայաստանի դիրքերը` նպատակ ունենալով տարածաշրջանը իրենց ազդեցության գոտի դարձնել: Այս իրավիճակում միակ ելքը մեր համախմբվածությունն է, հատվածական շահերից վեր կանգնելը եւ մեր արժանապատվությունն ու իրավունքները պաշտպանելը:



Կրկին անգամ արձանագրում ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը շեղվել է Ազգային անվտանգության ռազմավարության եւ Ռազմական դոկտրինի հիմնարար դրույթներից: Իբր- հետեւանք չի գործնականացվում Հայաստանի Հանրապետության, որպես ԼՂՀ ժողովրդի անվտանգության եւ նրա ընտրած զարգացման ուղու երաշխավորն ու աջակիցը լինելու առանցքային դրույթը, շարունակում է խոչընդոտվել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, չկա համարժեք պայքար թուրք-ադրբեջանական տանդեմի հետեւողական հակահայկական գործողությունների դեմ, ներքին ու արտաքին քարոզչության մեջ ՀՀ արտգործնախարարության գործունեությունը մնում է խիստ անբավարար:



Արցախի հարցում ինչ-ինչ արագացված լուծումներ պարտադրելու համանախագահող երկրների փորձը վտանգում է մեր ազգային-պետական շահերը: Ադրբեջանն իր հերթին խոսում է բացառապես ուժի դիրքերից` ոտնահարելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ անտեսելով ԼՂՀ գոյության փաստը:



Ստեղծված իրավիճակում մենք հեռատեսություն եւ քաղաքական կամք ենք պահանջում ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններից, հորդորում առաջնորդվել տարածաշրջանում մեր ինքնուրույն ուժն ու տեղը ապահովելու պատասխանատվությամբ: Ակնկալում ենք, որ ՀՀ նախագահը չի ստորագրի երկու հանրաքվեների միջոցով Արցախի ժողովրդի արդեն իսկ արտահայտած կամքն անտեսող որեւէ փաստաթուղթ եւ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի ԼՂՀ-ն բանակցությունների մեջ իբրեւ լիիրավ կողմ վերադարձնելու ուղղությամբ:



Այսօր մենք ուղղակի պարտավոր ենք վերաիմաստավորել եւ վերանայման ենթարկել Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ նոր էջ բացել: Դեռեւս կա այդ հնարավորությունը:



Արտաքին քաղաքականության ասպարեզում առաջացած բացասական հետեւանքները վերացնելու եւ ազգային-պետական ուղեգիծը վերականգնելու նպատակով պահանջում ենք ոլորտի անմիջական պատասխանատու ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի հրաժարականը»,-ասվում է հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---