24 հուլիսի 2009 - 21:38 AMT
Հայաստանին աջակցելու համար հայտնի բրիտանացի ռոք-երաժիշտներն արժանացել են Հայաստանի Պատվո շքանշանին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հայտնի բրիտանացի ռոք-երաշիժտները հայ ժողովրդին եւ Հայաստանի աջակցելու համար պարգեւատրվել են Պատվո շքանշանով:

20 տարի առաջ մեկնարկեց Rock Aid Armenia նախագիծը: Նախագծի կազմակերպիչն է Ջոն Դին: 1989թ. նա այցելեց Սպիտակ ու Գյումրի նկարահանումներ կատարելու նպատակով: Վերադառնալով Լոնդոն` Ջոն Դին որոշեց միավորել ռոք-աստղերին եւ հատուկ ձայնասկավառակ ձայնագիրել, որի ողջ հասույթը պետք է հատկացվեր աղետի գոտուն: Rock Aid Armenia նախագծի շրջանակներում բրիտանացի գերաստղերը ձայնագրեցին Deep Purple խմբի Smoke on the Water երգը, որին մասնակցեցին Quenn, Pink Floyd, The Who, Black Sabbath, Iron Maiden խմբերի երաժիշտները: Նրանք թողարկեցին Rock Aid Armenia ձայնասկավառակը, որի հասույթը հատկացվեց Սպիտակի երկրաշարժի հետեւանքների վերացմանը:

Ըստ «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանի, 2009թ. փետրվարին նրա մոտ գաղափար առաջացավ` ռոքի աստղերին եւ նախագծի նախաձեռնողներին հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնելու եւ ՀՀ պետական պարգեւներ շնորհելու վերաբերյալ: «Այդ գաղափարը ներկայացվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին եւ հավանություն ստացավ: Մենք կապ հաստատեցինք Ջոն Դիի հետ, եւ պարզվեց, որ իրենք եւս ծրագրեր ունեն Rock Aid Armenia-ի 20ա-մյակի կապակցությամբ: Մասնավորապես, նա մտադիր է կրկին վաճառքի հանել սկավառակը ինտերնետային ամենհայտնի օնլայն-խանութ iTunes-ում եւ ողջ հասույթը փոխանցել երկրաշարժի գոտում նախագծերի իրականացման համար»,-ասել է Արա Թադեւոսյանը:

Պատվո շքանշանին են արժանացել Rock Aid Armenia նախագծի կազմակերպիչ, ավստրալական բարեգործական Do Something կազմակերպության ղեկավար Ջոն Դին, Deep Purple խմբի ղեկավար Իէն Գիլանը, Black Sabbath խմբի կիթառահար Էնթոնի Ֆրանկ Այոմին, Queen խմբի անդամ Բրայան Մեյը, Pink Floyd խմբի կիթառահար Դեւիդ Գիլմորը, Asia մբի հիմնադիր անդամ Ջեֆրի Դաունսը: