Հայաստանի հանրակրթական դպրոցներում գրաբար կդասավանդվի

PanARMENIAN.Net - Հայաստանի հանրակրթական դպրոցներում գրաբար կդասավանդվի: ՀՀ կառավարությունը մտադիր է որոշակի քայլեր ձեռնարեկլ այդ ուղղությամբ 2010թ.:



Ինչպես հաղորդել է Մամիկոնյաց ուխտավորների առաքելության առաջնորդ Ռաֆայել Համբարձումյանը, ՀՀ նախագահին ու Ամենայն Հայոց կաթողիկոսին հայտարարություն է հասցեագրվել, որ ստորագրել են գիտության, արվեստի, քաղաքականության մի քանի տասնյակ գործիչներ` խնդրելով ստեղծել հանձնաժողով, որը գրաբարի դասավանդման մեթոդաբանություն կմշակի:



«Գրաբարը հին հայկական լեզուն է, որը մենք հասցրել ենք կորցնել, սակայն ժամանակն է վերականգնել այն եւ այդպիսով մերձենալ մեր պատմական արժեքներին: Գրաբարի դասավանդումը հանրակրթական դպրոցներում մեր ժողվորդի ակունքներին վերադառնալու ամենակարճ ճանապարհն է»,-այսօր մամլո ասուլիսում հայտարարել է Ռ.Համբարձումյանը:



Բանասիրական գիտությունների թեկնածու Վարդան Դեվրիյանն իր հերթին ընդգծել է.«Չնվազեցնելով գրաբարի կարեւորությունն ու արժեքը, այն հանրակրթական դպրոցներում դասավանդելու անհրաժեշտությունը չեմ տեսնում, քանի որ այդ գիտելիքները կիրառական չեն առօրյա կյանքում: Ժամանակակից Հայաստանում գրաբարով կատարվում են միայն եկեղեցական արարողությունները»:



Գրաբարը դասական կամ հին հայկական լեզուն է, որն առավելագույնս է պահպանվել գրավոր աղբյուրներում: Առաջին հուշարձանները վերաբերում են V դարին, երբ Մեսրոբ Մաշտոցը ստեղծեց հայոց գրերը: Գրաբարն օգտագործվել է որպես գրական լեզու մինչ 19-րդ դարի սկիզբը, երբ Խ.Աբովյանն առաջին անգամ գրական ստեղծագործություն գրեց իր ժամանակակից խոսակցական լեզվով, որը ստացավ աշխարհաբար անվանումը: Դեռեւս 20-րդ դարի սկզբներին գրաբարը դասավանդվում էր դպրոցներում, ինչը լավ միավորող գործոն էր իրարից խիստ տարբերվող հայոց լեզվի բարբառների պայմաններում:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---