Ադրբեջանը խախտել է միջազգային բանակցությունների հիմնական սկզբունքները

PanARMENIAN.Net - Եվրոպայի հայկական ֆեդերացիան հայտարարությամբ դիմել է ԵԱՀԿ, որտեղ մտահոգություն է հայտնվում է Ադրբեջանի ռազմական ծախսերի աճի առումով, ինչը անվտանգության սպառնալիք է ստեղծում ողջ տարածաշրջանի եւ հատկապես Հայաստանի համար: Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ մեծ ծախսերը սպառազինության ոլորտում եւ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները կարող են ի չիք դարձնել ԵԱՀԿ ՄԽ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:



«Հաշվի առնելով այս ամենը եւ Ալիեւի ռեժիմի սպառնալիքները, EAFJD-ն հայտարարում է, որ Ադրբեջանը խախտել է միջազգային բանակցությունների հիմնական սկզբունքները` լրջորեն գերադասությունը տալով հակամարտության ռազմական լուծմանը, մոլորության մեջ դնելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Ֆեդերացիան հորդորում է միջնորդներին իրենց ջանքերն ուղղել անվտանգության լուրջ սպառնալիքների դեմ, որոնք բխում են Ադրբեջանի ընթացիկ ազգային գերակայություններից: Ադրբեջանին չի կարելի թույլ տալ բանակցել ռազմական սպառնալիքի դիրքերից, այն դեպքում, երբ հայկական կողմը բարեխղճորեն բանակցում է»,-ասվում է EAFJD հայտարարության մեջ:



«Մենք դիմում ենք ՄԽ համանախագահներին` խնդրելով լրջորեն ընկալել Ադրբեջանի ռազմական հավակնությունները եւ չհարձակվելու հիմնավոր երաշխիքներ պահանջել մինչ ԵԱՀԿ շրջանակներում բանակցությունների շարունակությունը: Այս հանգամանքներում չհարձակման մասին պայմանագիրը, որը խաղաղության է պարտադրում Ադրբեջանին, միակ նշանակալի նպատակն է ԵԱՀԿ-ի համար` հետագա բանակցությունները շարունակելուց առաջ:



«Հայաստանն ու ԼՂՀ-ն իրավունք ունեն ապահովել իրենց անվտանգությունը Ադրբեջանի շարունակվող սպառնալիքների պայմաններում: Բացի այդ, ապագայում բանակցային գործընթացը չպետք է բացառի ԼՂՀ-ն, որպես ինքնուրույն կողմ բանակցություններում: Ադրբեջանական սպառնալիքներն ուղղված են ԼՂ բնակչությանը, որը պետք է անկախ քաղաքականություն վարի բանակցային գործընթացում»,-հայտարարել է EAFJD նախագահ Հիլդա Չոբոյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---