18 օգոստոսի 2009 - 15:12 AMT
Վլադիմիր Մարգարյանը Եվրոպայի առաջնությանը համոզիչ հաղթանակ է տարել ադրբեջանցի բռնցքամարտիկի հանդեպ
Հայ բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը (64 կգ ք/կ) Շչեցինում (Լեհաստան) ընթացող երիտասարդների Եվրոպայի առաջնությանը 8:1 հաշվով համոզիչ հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Տամերլան Աբդուլլաեւի հանդեպ: Այդ հաղթանակի շնորհիվ հայ բռնցքամարտիկը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմենամարտի իր հայրենակից, Գերմանիան ներկայացնող Արայիկ Մարությանի հետ:

Հիշեցնենք, որ մարգարյանն առաջին շրջանում 5:1 հաշվով պարտության մատնեց ֆրանսիացի բռնցքամարտիկ Դավիդ Պապոյին:

Հայաստանի հավաքականի եւս մեկ անդամ Կարեն Այլազյանը (51 կգ ք/կ), 4:1 հաշվով հաղթելով իտալացի Ալեսսանդրո Կուբկետտուին, նույնպես քառորդ եզրափակչի ուղեգիր ձեռք բերեց, որտեղ կմենամարտի մոլդավացի մարզիկ Իգոր Օսիպովի հետ:

Գոռ Արիստակեսյանը, որը հանդես է գալիս 75 կգ քաշային կարգում, իր առաջին մենամարտն անցկացրեց ուկրաինացի Վլադիսլավ Վոյտալյուկի հետ եւ պարտություն կրելով` դուրս մնաց առաջնությունից:

Այդպիսով, Հայաստանի հավաքականի ութ ներկայացուցիչներից երկուսը դուրս են մնացել առաջնությունից` առաջին իսկ մենամարտերում զիջելով իրենց մրցակիցներին: Առաջնության առաջին օրը Ալեքսանդր Շախյանը (54 կգ ք/կ) դուրս մնաց առաջնությունից` առաջին իսկ մենամարտում զիջելով ադրբեջանցի Էլվին Իսաեւին:

Հովհաննես Օհանյանը (+91 կգ), Ազատ Դավթյանը (91 կգ) եւ Հարություն Աբրահամյանը (69 կգ) դեռեւս մենամարտեր չեն անցկացրել: