ԵՀՄ-ը հետաքննում է Եվրատեսիլում Հայաստանի օգտին քվեարկած ադրբեջանցիներին հարցաքննության փաստերը

PanARMENIAN.Net - Նախորդ շաբաթ ադրբեջանական մամուլում տեղեկություն էր ստացվել այն մասին, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հարցաքննության է կանչել Եվրատեսիլ 2009 երգի մրցույթում հայ երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների օգտին քվեարկած 43 քաղաքացու: Այդ առնչությամբ, այդ դեպքերի սեփական հետաքննությանը ձեռնամուխ է եղել Եվրոպական հեռարձակման միությունը (ԵՀՄ);



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է Հայաստանի Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենի հատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականյանը, քվեարկողների համարներն իմանալու համար անհրաժեշտ է պաշտոնական փաստաթուղթ, որը տրվում է Եվրոպական հեռարձակման միության եւ ձայների հաշվառման համար պատասխանատու Digama ընկերության գիտությամբ: Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների հեռախոսահամարների գաղտազերծման թույլտվություն կարող է տրվել այդ քաղաքացիների նկատմամբ քրեական գործի հարուցման դեպքում:



«Ադրբեջանի կառավարության գործողությունները մեկնաբանելը ծիծաղելի է: Հայաստանում 1065 SMS ուղարկվել է ադրբեջանցի երգիչների կատարած երգի օգտին, եւ ոչ մեկի մտքով չի անցել դրանց ուղարկողներին կանչել պետանվտանգության ծառայություն», - նշել է Դիանա Մնացականյանը:



Նա նաեւ ավելացրել է, որ երեկ նամակ էր հղել Եվրոպական հեռարձակման միությունը` խնդրելով հաղորդել, արդյո՞ք ադրբեջանական կողմը որեւէ պաշտոնական փաստաթուղթ է ներկայացրել` Հայաստանի օգտին քվեարկած Ադրբեջանի քաղաքացիների հեռախոսահամարների գաղտնազերծման խնդրանքով:



Իր նամակում Դիանա Մնացականյանը նաեւ ԵՀՄ ներկայացուցիչներից տեղեկացել է, թե արդյո՞ք ստեղծված իրավիճակը չի նշանակում, որ Հայաստանը, երգի մրցույթին Ադրբեջանի պետական կառույցների միջամտության պատճառով, այլեւս երբեք ձայներ չի ստանա այդ երկրից, եւ արդյո՞ք քվեարկությունն այսուհետ անարդար չի լինի:



Հայաստանի Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենի հատուկ նախագծերի գծով խորհրդականն իր նամակին պատասխան է ստացել, որ ներկայումս միջադեպի հետաքննությամբ զբաղվում է «Եվրատեսիլ» մրցույթի գործադիր ղեկավար Սվանտե Ստոկսելիուսը, որը մինչեւ հետաքննության ավարտը հրաժարվում է մեկնաբանել տեղի ունեցածը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---