Վահագն Չախալյանին տեղափոխել են խստացված ռեժիմի գաղութ

PanARMENIAN.Net - Ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը, որը 2009թ. հուլիսի 31-ին Թբիլիսիի Գլդանի N8 մեկուսարանից տեղափոխվել էր Ռուսթավիի N2 ընդհանուր ռեժիմի գաղութ, 2009թ. օգոստոսի 21-ին նորից տեղափոխվել է` այս անգամ արդեն Ռուսթավիի N6 խստացված ռեժիմի գաղութ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայրենադարձության եւ յուրացման «Երկիր» Հասարակական կազմակերպությունների միությունից, վրացական իշխանությունները, փոխանակ ապահովելու ջավախքահայ քաղաքական ակտիվիստի անվտանգությունը, էլ ավելի են վտանգում այն` տեղափոխելով նրան մի հաստատություն, որտեղ պատիժ են կրում ծանր եւ հատկապես ծանր հանցագործություն կատարած անձինք:



«Վահագն Չախալյանի նկատմամբ բանտային ուղղակի եւ անուղղակի ճնշման ուժեղացմանն ուղղված այս քայլով վրացական իշխանությունները նաեւ հույս ունեն կոտրել դատարանում պայքարը շարունակելու նրա վճռականությունը, քանի որ դատավարության ընթացքում ավելի ու ավելի է բացահայտվում քրեական գործի ամբողջովին շինծու բնույթը:



Հիմք ընդունելով վերոնշյալը` «Երկիր» միությունը պահանջում է վրացական իշխանություններից անհապաղ դադարեցնել Վահագն Չախալյանի անձի նկատմամբ բանտային ճնշումները եւ երաշխավորել նրա անվտանգությունը` տեղափոխելով նրան մինչեւ բողոքարկման ամբողջ գործընթացի ավարտը (այդ թվում` նաեւ վերադաս ատյաններում) բանտարկության նախկին վայր` Գլդանի N8 մեկուսարան:



«Երկիր» միությունը խնդրում է Վրաստանի հանրային պաշտպան Սոզար Սուբարիին, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացչություններին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին գործուն միջոցներ ձեռնարկել ջավախքահայ քաղաքական ակտիվիստի նկատմամբ վրացական իշխանությունների կողմից այս ճնշումների նոր ալիքը անհապաղ դադարեցնելու եւ նրա անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,- ասվում է «Երկիր» միության հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---