Մինսկը կընդունի ՀԱՊԿ-ում նախագահությունը եւ կստորագրի ԱԱՀՈՒ-ի վերաբերյալ համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Բելառուսը կընդունի նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) եւ կստորագրի Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) վերաբերյալ համաձայնագիրը: Այդ մասին հինգշաբթի օրը լրագրողներին հայտարարել է Վելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդեւի հետ բանակցությունների ավարտից հետո:



Ա. Լուկաշենկոն ընդգծել է, որ բելառուսական կողմը մեծ ներդրում ունի ԱԱՀՈՒ-ին առնչվող հարցերի մշակման գործում, ուստի Բելառուսում պարզապես չեն կարող չընդունալ այդ փաստաթուղթը: Նա նաեւ նշել է, որ Բելառուսը կնախագահի ՀԱՊԿ-ում, սակայն «այդ գործընթացը հարկ է իրավաբանորեն ձեւակերպել»:



«Կես տարի մենք չենք աշխատել որպես նախագահ, ուստի որոշեցինք ստանձնել նախագահության պարտականությունը նաեւ հաջորդ ժամկետով», - ասել է Լուկաշենկոն: «Հավանաբար դա կարվի բելառուսական կողմի հայտարարության միջոցով, եւ մենք կստանձնենք նախագահությունը», - նշել է նա:



Ռուսաստանի նախագահի լրատվական ծառայության տվյալներով, Մեդվեդեւն ու Լուկաշենկոն նախանշել են հետագա շփումների ժամանակացույցը, մասնավորապես, պայմանավորվել են մասնակցել «Արեւմուտք-2009» զորավարժություններին, որոնք տեղի կունենան Բելառուսի տարածքում ընթացիկ տարվա սեպտեմբերի 29-ին: Ռուսաստանի նախագահը հաստատել է ԵվրԱզԷՍ միջազգային պետական խորհրդի նիստին մասնակցելու պատրաստակամությունը, որը տեղի կունենա նոյեմբերի 27-ին Մինսկում, հաղորդում է BELTA լրատվական գործակալությունը:



Ռուսաստանը ստանձնել է ՀԱՊԿ-ում ժամանակավոր նախագահությունը:



ԱԱՀՈՒ-ի ստեղծման մասին որոշումը ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կայացրել էին 2009 թվականի փետրվարի 4-ին: ԱԱՀՈՒ-ը ենթադրվում է օգտագործել ռազմական ագրեսիային հակահարված տալու, միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության, անդրազգային կազմակերպված հանցավորության, թմրանյութերի տարածման դեմ պայքարի գծով հատուկ գործողությունների անցկացման, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների հետեւանքների ոչնչացման նպատակով:



ՀԱՊԿ-ը յոթ երկրի` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստան եւ Ուզբեկստանի, ռազմաքաղաքական դաշինքն է, որը ստեղծվել է 1992 թվականի մայիսի 15-ին Հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---