ԱՄՆ-ի դաշնային վերաքննիչ դատարանի որոշումը պարտություն է համայն մարդկության համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանի որոշումը, որը Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներին արգելում է հայց ներկայացնել օտարերկրյա ապահովագրական ընկերությունների դեմ` չվճարված ապահովագրական պոլիսները վճարելու պահանջով, խայտառակություն է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Չնայած նրան, որ ԱՄՆ վարչակազմը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, դա չի նշանակում, որ Ամերիկայի առանձին նահանգներ չեն դատապարտել եւ չեն ճանաչել մարդկության դեմ գործած այդ չարագործությունը: Ջորջ Բուշն ու Բարաք Օբաման չեն արտաբերել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, սակայն նախագահ Ռոնալդ Ռեյգանը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, ԱՄՆ-ի դպրոցներում աշակերտներին ծանոթացնում են XX դարի առաջին ցեղասպանության փաստերին, Ամերիկայի 43 նահանգ դիմել է վարչակազմին` պահանջելով ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր», - հայտարարել է ԱՀՀ-ի տարածաշրջանային տնօրենը: Նրա խոսքերով, բոլոր այս փաստերը տեղ չեն գտել վերաքննիչ դատարանի որոշման մեջ, եւ, հետեւաբար, այն արտացոլում է իրականության միայն մի կողմը:



«Ես չգիտեմ, թե այդ որոշման ընդունման հետ ինչ առնչություն ունի Ամերիկայի թուրքական լոբբին, սակայն կարող եմ մի բան ասել` այս որոշումը չի կարելի դիտարկել որպես ԱՄՆ-ի թուրքական կազմակերպությունների հաղթանակն ու Ամերիկայի հայկական լոբբիի պարտությունը», - հայտարարել է Արփի Վարդանյանը: Նա նաեւ նշել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական ընկերությունների դեմ հայց ներկայացնելն արգելող որոշումը համայն մարդկության պարտությունն է: «Եթե այսօր աշխարհի կառավարությունները փորձում են հերքել Հայոց ցեղասպանությունը, ապա վաղը կհերքեն աշխարհում իրականացված մյուս ցեղասպանությունները»,- ընդգծել է ԱՀՀ-ի տարածաշրջանային տնօրենը:



Օգոստոսի 20-ին ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել, որը Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներին արգելում է հայց ներկայացնել օտարերկրյա ապահովագրական ընկերությունների դեմ` չվճարված ապահովագրական պոլիսները վճարելու պահանջով, քանի որ ԱՄՆ-ի կառավարությունը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---