Նինկե Օմես. 2010 թվականին Հայաստանում կգրանցվի փոքր, սակայն դրական աճ

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է 3 տոկոս սղաճ եւ ՀՆԱ-ի ցուցանիշ 10-15 տոկոսի սահմանում: Ինչպես նշել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը, մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումները դեռեւս վերանայվում են, իսկ ըստ նախնական տվյալների 2009թ. միջին կշռված ցուցանիշը կկազմի 3 տոկոս, ինչը բավական ցածր ցուցանիշ է տարածաշրջանի մյուս երկրների համեմատ:



Նրա խոսքերով, ՀՆԱ-ի ցուցանիշը կտատանվի 10-15 տոկոսի սահմաններում: «Մենք դեռեւս վերջնականապես չենք համաձայնեցրել այդ ցուցանիշի մակարդակը, սակայն ինչպես դա արդեն ասվել է նախկինում, այն կտատանվի 10-15 տոկոսի սահմաններում եւ մենք ակնկալում ենք, որ այդ ցուցանիշը տարեկան կտրվածքով ավելի փոքր կլինի, քան առաջին յոթ ամիսների ընթացքում»,-ասել է նա:



Այս համատեքստում Օմեսը հավելել է, որ ըստ ԱՄՀ մասնագետների կանխատեսումների, վերջին եռամսյակում ակնկալվում է տնտեսական անկման տեմպերի նվազում, ինչն իր հերթին կազդի ՀՆԱ-ի տարեկան ցուցանիշի վրա: Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության կանխատեսումներին 2010թ. երկրի տնտեսության կայունացման ու փոքր աճի (1 տոկոս) վերաբերյալ, ապա ԱՄՀ-ն միանգամայն համաձայն է այդ կանխատեսումներին: «2010թ. Հայաստանում կգրանցվի փոքր, սակայն դրական աճ»,-ասել է նա:



Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, 2009թ. հունվար-հուլիսին տնտեսական աճը հանրապետությունում կազմել է 18,5 տոկոս, իսկ սղաճը գրանցվել է 2,7 տոկոսի մակարդակով:



Ըստ պետբյուջեի, ՀՆԱ-ի աճը Հայաստանում 2009թ. ակնկալվում է 9,2 տոկոսի մակարդակով, իսկ սղաճը` 4 տոկոսի (+-1,5 տոկոս) սահմաններում:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---