Երեւանում քննարկվել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» IV համահայկական փառատոնի ծրագիրը

PanARMENIAN.Net - Երեւանում տեղի է ունեցել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» IV համահայկական փառատոնի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ քննարկվել է փառատոնի ծրագիրը: Փառատոնը տեղի կունենա Հայաստանում 2010թ.: Ինչպես նիստի ժամանակ հայտարարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ Թամարա Պողոսյանը, քննարկումների արդյունքում առաջարկվել է այն կազմակերպել հուլիսի երրորդ տասնօրյակում: «Հուլիսի առաջին երկու տասնօրյակներում Երեւանում անցնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, եւ մենք գտնում ենք, որ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը կարող է դառնալ նրա շարունակությունը»,-հավելել է Խորհրդի նախագահը:



Նախատեսվում է, որ փառատոնն երկու ուղղվածություն կունենա` բուն փառատոնը եւ համահայկական համաժողովը, ինչպես նաեւ քննարկումներ, կլոր սեղաններ պրոֆեսիոնալ արվեստի շուրջ:



Նիստում փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մանուկյանը նշել է, որ փառատոնն, առաջին հերթին, պետք է ծառայի Հայաստանի ու Սփյուռքի մերձեցմանը: «Վատ չէր լինի, եթե փառատոնն իր հիմնը ունենար»,-ասել է Մանուկյանը:



«Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի նպատակն է նպաստել հայ մշակույթի ու մշակութային ինքնության պահպանմանը Սփյուռքում, ՀՀ-ի ու Սփյուռքի երիտասարդ արվեստագետների միջեւ կապերի հաստատմանը, միջմշակութային կապերի զարգացմանը, ժամանակակից հայ արվեստի զարգացմանը:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---