10 սեպտեմբերի 2009 - 10:46 AMT
Անդրանիկ Հակոբյանը ջախջախել է մոլդավացի բռնցքամարտիկին եւ դուրս է եկել Միլանում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ
Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ հասած Հայաստանի երեք ներկայացուցիչներից միայն մեկին` Անդրանիկ Հակոբյանին (75կգ ք/կ) հաջողվեց հասնել կիսաեզրափակիչ: Հակոբյանը քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց` 8:1 հաշվով համոզիչ հաղթանակ տանելով Մոլդովայի ներկայացուցիչ Վիկտոր Կոտյուժանսկու նկատմամբ:

Իսկ երկու մյուս հայ բռնցքամարտիկներ Հովհաննես Դանիելյանը (48կգ ք/կ) եւ Ազատ Հովհաննիսյանը (75 կգ), զիջելով մրցակիցներին, դուրս մնացին մրցաշարից: Դանիելյանը պարտվեց մոնղոլ Սերդամբե Պուրեվդորժին 4:6 հաշվով, իսկ Հովհաննիսյանը` մեքսիկացի Օսկար Վալդեսին 14:9 հաշվով:

Այսպիսով, ՀՀ 9 ներկայացուցիչներից միայն մեկը կշարունակի իր ելույթներն իտալական ռինգում: Նշենք, որ Հակոբյանն արդեն իսկ ապահովել է իր համար բրոնզե մեդալը, նույնիսկ եթե զիջի Վենեսուելայի ներկայացուցիչ Ալֆոնսո Բլանկոյին, որի հետ ստիպված կլինի մենամարտել կիսաեզրափակչում:

Կիսաեզրափակիչ մենամարտերը տեղի կունենան սեպտեմբերի 11-ին, իսկ հաջորդ օրը կհրապարակվեն աշխարհի առաջնության հաղթողների անունները: