Հայ ֆուտբոլիստուհիները երկրորդ ջախջախից պարտությունն են կրում Հունգարիայի կողմից

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկան կանանց հավաքականը հունգարական Պեչ քաղաքում ընթացող 2010 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայացած երկրորդ խաղում նույնպես պարտություն է կրել` այս անգամ զիջելով Հունգարիայի հավաքականին պակաս խոշոր հաշվով, քան նախորդ հակառակորդներին` Բելգիայի հավաքականին (0:10):



Հունգարիայի թիմը Հայաստանի հավաքականի դարպաս 4 անպատասխան գնդակ է ուղարկել, որոնցից առաջինը 17-րդ րոպեին իր հաշվին գրանցել է Կոպաչը: Վերջինս 41-րդ րոպեին երկրորդ գոլն է ձեւակերպել: Երկրորդ խաղակեսում, ինչպես եւ առաջինում, իրադրության տերը հիմնականում Հունգարիայի հավաքականն էր: Սկզբում 74-րդ րոպեին Դեմետերը հաշիվը մեծացրեց, իսկ 81-րդ րոպեին այդ խաղում վերջակետ դրեց Վեսեշը:



Այդպիսով, Հայաստանի հավաքականն ընտրական փուլի երկու խաղում 14 գնդակ է բաց թողել` ոչ մեկը չխփելով, եւ վերջին խաղից առաջ եզրափակում է 8 խմբի մրցաշարային աղյուսակը:



Սեպտեմբերի 24-ին Հայաստանի մինչեւ 19 տարեկան կանանց հավաքականը խմբային շրջանի վերջին խաղում հանդիպում կունենա լատվիացի հասակակիցների հետ, որոնք նույնպես երկու խոշոր պարտություն են կրել:



Հունգարիայի եւ Բելգիայի հավաքականները, ակտիվում 6 միավոր ունենալով, արդեն ապահովել են իրենց մասնակցությունը եզրափակիչ մրցաշարին, որը տեղի կունենա 2010 թվականի մայիսի 24-30-ը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---