Ավարտվել է Արարատ-Երեւան գազատարի վերանորոգումը

PanARMENIAN.Net - Ավարտվել են Արարատ-Երեւան գազատարի կոռոզիայի ենթարկված հատվածների վերականգնողական աշխատանքները, ինչի արդյունքում մեծացվել է գազատարի թողունակությունը, հաղորդում է «Հայռուսգազարդ»-ի լրատվական ծառայությունը: «Գազպրոմ» ընկերության «Օրգէներգոգազ» կազմակերպության եւ «ՀայՌուսգազարդ» ընկերության ինժեներական կենտրոնի անցկացրած համատեղ հետազոտությունների արդյունքում վերանորոգման եւ վերականգնողական աշխատանքները կատարվել են նոր տեխնոլոգիայով, առանց գազի մատակարարումը դադարեցնելու:



Հաղորդման համաձայն, վերականգնողական աշխատանքներին մասնակցել է 3 ընկերություն «ՏԵԽՆՈ ՖԻՏ», «Եղվարդշին» եւ «Ստարտ»: Ընդհանուր առմամբ, այդ աշխատանքների իրականացման համար «ՀայՌուսգազարդ»-ի ներդրել է շուրջ 1,5 մլրդ դրամ:



Ինչպես նշել է «ՀայՌուսգազարդ»-ի գլխավոր տնօրենի խորհրդական, Իրան-Հայաստան գազատարի շինարարության ղեկավար Վլադիմիր Մարգարյանը, կոռոզիայի հիմնական պատճառներից մեկն այն տարածքներում, որտեղով անցնում է խողովակաշարը, ոռոգման համակարգի անսարքություններն են, ինչպես նաեւ պտղատու ծառերն այն հատվածներում, որոնց տակով անցնում են ստորգետնյա գազատարները, ինչի արդյունքում քայքայվում է մեկուսիչ շերտը եւ խողովակները ենթարկվում են կոռոզիայի:



Ներկայումս գազատարի վերանորոգման աշխատանքների իրականացման եւ հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար 6-9 մ լայնությամբ պահպանիչ գոտի է ստեղծվել: Փոխարենը «ՀայՌուսգազարդ»-ը համապատասխան փոխհատուցում է վճարել հողօգտագործողներին եւ տնտեսվարող սուբյեկտներին:



Մարգարյանի խոսքերով, վերականգնողական աշխատանքների հիմնական նպատակը Իրան-Հայաստան գազատարով բնական գազի առավելագույն քանակության փոխադրումն է Երեւան-1 եւ Սովետաշեն-2 գազաբաշխիչ կայաններ, իսկ այնտեղից Երեւանի ՋԷԿ, գազի պահեստարան եւ այլ օբյեկտներ: Ձմռան նախաշեմին գազատարը հնարավորություն կտա օրական մինչեւ 6 մլն խորանարդ մետր գազ փոխադրել:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---