Հայաստանի նախագահի համահայկական ուղեւորության նպատակն է` աշխարհին ցույց տալ բազմամիլիոնանոց հայկական Սփյուռքը

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերություների կարգավորման վերաբերյալ անհանգստությունը բնական է, այն առկա է թե հայկական, եւ թե թուրքական կողմի մոտ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Ընդ որում, նա բարձր է գնահատել ՀՀ նախագահի նախաձեռնությունը` հանդիպել հայկական համայնքների ներկայացուցիչների հետ` հայտնելով, որ «ինքը դեռեւս չի ճանաչում որեւէ նախագահ, որը հաշվի կնստեր Սփյուռքի կարծիքի հետ կամ նման քաղաքականություն կվարեր»: Նրա խոսքով, հայկական համայնքների ներկայացուցիչների հետ Սերժ Սարգսյանի հանդիպումների նպատակն է ոչ թե հաշվել հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրմանը «դեմ» եւ «կողմ» ձայների քանակը, այլ քննարկումների նոր ձեւաչափ ստեղծել այն հարցերի համար, որոնք առանձնահատուկ կարեւորություն ունեն երկրի ապագայի համար ու քննարկվելու են նաեւ ողջ Սփյուռքի անմիջական մասնակցությամբ:



«Հայաստանի նախագահի համահայկական ուղեւորության նպատակն է` աշխարհին ցույց տալ, որ մեր երկիրը` 3 միլիոն բնակչությամբ, բազմամիլիոնանոց Սփյուռք ունի` Հայոց ցեղասպանության ուղղակի հետեւանքը»,- ասել է Էդուարդ Շարմազանովը` ավելացնելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանն ու հայկական համայնքների ներկայացուցիչները պետք է միասնական լինեն:



Նա քննադատել է նաեւ որոշ պատգամավորների, որոնք հանդես են եկել Հայաստանի նախագահի հասցեին ուղղված մեղադրանքներով` հայտնելով, որ նրանց խոսքի մեծ մասը չի համապատասխանում իրականությանը: Ընդ որում, նա նշել է, որ իրադրությունը ներկայացված է այնպես, կարծես Հայաստանին վերաբերող պայմանագրերի, ներառյալ Կարսի պայմանագրի տակ Սերժ Սարգսյանի ստորագրությունն է: Նրա խոսքով, իր գործունեության ողջ ընթացքում ՀՀ գործող նախագահը չի ստորագրել որեւէ պայմանագիր, որը կապված է եղել Հայաստանի հետ: «Միակ փաստաթուղթը, որի տակ առկա է նախագահի ստորագրությունը, հայ-ադրբեջանական ժամանակավոր զինադադարի մասին համաձայնագիրն է, որը ստորագրվել է 1994թ. մայիսին»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:



Շարմազանովը մեկնաբանել է նաեւ ընդդիմադիրների որոշ «խորհուրդները»` «դաս քաղել պատմությունից»` հայտնելով, որ Հայաստանի իշխանություններն այլեւս չեն կրկնի անցյալի սխալները: «Մենք չենք ասում, որ Թուրքիան մեր դաշնակիցն է, մենք ընդամենը խոսում ենք առանց նախապայմանների երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման մասին, ինչն անհրաժեշտ է տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Շարմազանովը` ավելացնելով, որ 21-րդ դարում փակ սահմաններ ունենալը նորմալ չէ:



Նա նաեւ նշել է, որ եթե Արձանագրություններում գոնե մեկ կետ լիներ, որը կսպառնար երկրի անվտանգությանը, Հայաստանի նախագահը երբեք չէր համաձայնի դրանց շուրջ բանակցել: Ընդ որում, Շարմազանովն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման նույնպես օժանդակում է հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ Սարգսյանի նախաձեռնությունը` հայտնելով, որ ԱՄՆ դիրքորոշումը պարզ է` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը պետք է լուծվի առանց որեւէ նախապայմանների եւ չպետք է կապվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---