Էդվարվ Նալբանդյան. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ճանապարհ է դեպի ապագա

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանյանն ու Ահմեդ Դավութողլուն Ցյուրիխի Համալսարանի գլխավոր սրահում ստորագրեցին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը ու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը:



Արարողությանը ներկա էին Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշլին Կալմի-Ռեյը, ԱՄՆ պետական քարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բեռնար Կուշները, Եվրոպական Միության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան, Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովենիայի ԱԳ նախարար Սամուել Ժբոգարը: Օտարերկրյա բարձաստիճան պաշտոնյաների ներկայությունը Արձանագրությունների ստորագրման արարողությանը նշանավորում է միջազգային հանրության աջակցությունը եւ այն կարեւորությունը, որ տրվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:



Արձանագրությունների ստորագրումն անցյալ տարի Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ երկու հարեւան երկրների միջեւ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն ուղղված գործընթացի տրամաբանական արդյունքն է, որը կարող է օգտակար լինել հայ եւ թուրք ժողովուրդների համար, եթե այս փաստաթղթերը կյանքի կոչվեն ինչպես եւ պայմանավորված է` ճշտապահորեն, առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում իրականացնվեն դրանց դրույթները: Ամենօրյա ինտենսիվ բանակցությունները հնարավորություն ընձեռեցին գտնելու այն բանալին, որը պետք է բացի դռան փականը եւ աննախադեպ հնարավորություն ընձեռի երկու երկրներին վստահությամբ քայլելու դեպի ապագա:



Բացելով արարողությունը` Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Միշլին Կալմի-Ռեյը շնորհավորեց Հայաստանին եւ Թուրքիային կարեւոր ձեռքբերման համար, նշելով որ կողմերի խիզախությունը եւ կայացված որոշումները կնպաստեն տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հաստատմանը:



Արարողությունից հետո Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը գործընթացին աջակցելու համար շնորհակալություն հայտնելով Շվեյցարիային, Ամերիկայի Միացյալ Նահանագներին, Ռուսաստանին, Ֆրանսիային, Եվրոպական կառույցների ղեկավարներին, ասաց. «Այսօր դուք կանգնած էիք մեր կողքին` մասնակից լինելով Արձանագրությունների ստորագրմանը, եւ արդարացիորեն կիսում եք ձեռք բերված արդյունքի վաստակը, ինչպես նաեւ ապագա նվաճումների պատասխանատվությունը»: Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ միջազգային հանրության շատ կարեւոր հաստատակամ աջակցությունը եւ սատարումը կենսական էր գործընթացն առաջ տանելու գործում: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց. «Գործընթացի սկզբից եւեթ մենք գիտակցում էինք այն դժվարություններն ու խոչընդոտները, որոնք առկա են դեպի ապագա տանող այս փշոտ, բայցեւ այսքան անհրաժեշտ ճանապարհին: Սակայն, մենք նաեւ գիտակցում ենք, որ այս ծանր բեռը հաջորդ սերունդներին թողնելը անպատասխանատու եւ չարդարացված կլինի»:



Արձանագրությունների ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասաց. «Մենք անկեղծորեն ուրախ ենք ստորագրման համար: Փաստաթղթերի ստորագրումը ոչ միայն առաջին քայլն է, անհրաժեշտ է նաեւ, որ դրանք անմիջապես վավերացվեն»:



ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան եւս ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ եւ նշեց, որ ստորագրված փաստաթղթերը կարեւոր դրական ազդեցություն կունենան ամբողջ տարածաշրջանի համար: Նա հույս հայտնեց, որ Արձանագրությունները շուտով կվավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից եւ կիրականացվեն:



Փաստաթղթերի ստորագրումից առաջ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ պետական քարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, որը վերահաստատեց Միացյալ Նահանագների անվերապահ աջակցությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---