19 հոկտեմբերի 2009 - 16:28 AMT
Գյումրիում փողոց է անվանակոչվել Էդմոնդ Քեոսայանի անունով
Հոկտեմբերի 15-ին Երեւանում մեկնարկած Մանկապատանեկան ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնի մասնակիցները եւ հյուրերը այցելեցին Գյումրի:

Հոկտեմբերի 17-ին, փառատոնի շրջանակներում, Գյումրիի քաղաքապետարանի որոշմամբ «Հոկտեմբեր» կինոթատրոնի պատին հուշատախտակ է փակցվել հայտնի հայ ռեժիսեր Էդմոնդ Քեոսայանի պատվին, նաեւ նրա անունով Գյումրիի քաղաքի Մուշ 2 թաղամասում նոր փողոց է անվվանակոչվել:

«Մեծ գործ է` հայտնվել այս սուրբ վայրում: Լենինականը, Ալեքսանդրապոլը, Գյումրին միշտ Հայաստանի սիրտն են եղել, ընդորում այն սիրտը, որը պաշտպանել է իր ժողովուրդը դժբախտություններից: Եվ պատահական չէ, որ հենց այստեղ է ծնվել աշխարհի ամենալավ մարդկանցից մեկը, որին ես ճանաչել եմ եւ ճանաչում եմ իմ կյանքում: Էդմոնդ Քեոսայանը կլիներ մեծ յուրաքանչուր գործում, սակայն բարեբախտաբար նա ընտրեց կինեմատոգրաֆը: Նա չի հեռացել մեզանից` նրա լույսը իր կնոջ, որդիների եւ թոռների աչքերի մեջ է», - հուշաքարի բացման արարողության ժամանակ ասել է կինոգետ Արմեն Մեդվեդեւը:

Էդմոնդ Քեոսայանի կինը շնորհակալություն հայտնեց քաղաքի ղեկավարությանը եւ նշեց, որ «Էդմոնդը շատ է սիրել Գյումրին եւ հպարտանում էր, որ գյումրեցի է: Ես էլ եմ հպարտ, որ նրա միջոցով ինձ մոտ էլ կապ առաջացավ այս հրաշալի քաղաքի հետ»:

Հուշաքարի բացման արարողությանը ներկա էին ռեժիսորի ընտանիքի անդամները, փառատոնի անվանի հյուրեր` ռեժիսոր Բորիս Գրաչեվսկին, դերասան Նիկոլայ Դենիսովը, կինոգետ Արմեն Մեդվեդեւը եւ այլոք: