Երեւանում բացվեց «EXPO-RUSSIA ARMENIA» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - «EXPO-RUSSIA ARMENIA» ցուցահանդեսը կբարձրացնի երկու բարեկամական երկրների` Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների բարեկեցությունը: Այդ մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ուղերձում, որը ռուսաստանյան արդյունաբերական երկրորդ ցուցահանդեսի մասնակիցների եւ ներկա գտնվողների համար կարդաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: «Վստահ եմ, որ ցուցահանդեսն իր մեծ ներդրումը կունենա Հայաստանի եւ Ռուսաստանի բազմակողմ համագործակցության առավել խորացման գործում եւ կնպաստի երկու ժողովուրդների բարեկեցության բարձրացմանը»,- ասվում էր ուղերձում:



Լավրովի խոսքերով, հայ եւ ռուս ժողովուրդները միշտ կապված են եղել բարեկամական կապերով, դրան զուգահեռ այսօր արագ զարգանում են առեւտրատնտեսական կապերը, կայուն աճում է ապրանքաշրջանառությունը, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսության մեջ մեծ դեր են խաղում ռուսական ներդրումները:



«Երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում մեծ դեր են խաղում «EXPO-RUSSIA ARMENIA» ցուցահանդեսի պես միջոցառումները, որոնց ընթացքում հնարավորություններ են ընձեռվում երկու պետությունների ներկայացուցիչների, մասնավոր սեկտորի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար փորձի փոխանակման եւ փոխշահավետ նախագծերի մասին պայմանավորվածություններ ձեռք բերելու», ավելացրեց նա:



Ռուսաստանյան համագործակցության ղեկավարի տեղակալ Իգոր Մորոզովն իր հերթին հույս հայտնեց, որ ցուցահանդեսը ավանդույթ կդառնա, որի համար արվում է ամեն հնարավորը: «Ցուցահանդեսը մեկ նպատակ է հետապնդում` միավորել ՀՀ եւ ՌԴ բոլոր հնարավորությունները երկու տնտեսությունների ինտեգրացման համար, որպեսզի կարողանանք համագործակցել, հզորացնել եւ զարգացնել մեր առեւտրատնտեսական կապերը եւ ինովացիոն ներուժը»,- ասաց նա:



Ռուսաստանյան արդյունաբերական «EXPO-RUSSIA ARMENIA» ցուցահանդեսը Երեւանում կանցկացվի հոկտեմբերի 29-31-ը:



Ցուցահանդեսի նպատակն է` զարգացնել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային համագործակցություն, երկու երկրների միջեւ հաստատել եւ ամրապնդել կապերը, զարգացնել համատեղ գործարարություն, առեւտրատնտեսական եւ ներդրումային հարաբերություններ:



Ցուցահանդեսում կներկայացվեն ռուսական ավելի քան 70 ընկերություններ տարբեր բնագավառներից, ինչպիսիք են` էներգետիկայի, մեքենաշինության, մետալուրգիայի, բարձր տեխնոլոգիաների, նանոտեխնոլոգիաների, շինարարության, ավտոմոբիլային արդյունաբերության, հեռահաղորդակցության եւ կապի, նավթագազային արդյունաբերության, գյուղատնտեսության եւ շինարարական տեխնիկայի, բժշկության եւ դեղագործության նոր տեխնոլոգիաները:



Ցուցահանդեսին կմասնակցեն այնպիսի ռուսական ընկերություններ, ինչպիսիք են` «ՌԵՈՒ» ԲԲԸ, «Գոռնիե մաշինի» ՓԲԸ, Յարոսլավլի էլեկտրամեքենաշինական գործարանը, «Էլդին» ԲԲԸ, Հյուսիսկովկասյան աէրոգեոդեզիական ձեռնարկությունը, Մակերեւույթի եւ վակուումի յուրահատկությունների ուսումնասիրման գիտահետազոտական կենտրոնը (ՄՎԳՀԿ), «Կրիստալ» ԲԲԸ քիմիական գործարանը, Կենսաօրգանական քիմիայի ինստիտուտը:



Ցուցահանդեսի աշխատանքների ընթացքում կանցկացվի «Ռուսաստան-Հայաստան» տնտեսական համագործակցություն» համաժողով, ինչպես նաեւ կկազմակերպվեն հանդիպումներ նախարարությունների, գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, այցելություններ կլինեն Հայաստանի առաջադեմ ձեռնարկություններ, կկազմակերպվեն կլոր սեղաններ:



Ցուցահանդեսի կազմակերպիչներն են` «Մուլտի գրուպ» կոնցեռնը եւ «Զարուբեժ-էքսպո» ԲԲԸ-ն:



Տեղեկատվական աջակցություն են ցուցաբերել ավելի քան 50 ռուս-հայկական ԶԼՄ-ներ:



Ցուցահանդեսն անցկացվում է Ռուսաստանի եւ Հայաստանի նախարարությունների, գերատեսչությունների, մասնագիտացված ճյուղային միությունների աջակցությամբ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---