Ռուսաստանը լուրջ շահեր ունի Հարավային Կովկասում եւ ցանկանում է պաշտպանել դրանք

PanARMENIAN.Net - Ռուսաստանը լուրջ շահեր ունի Հարավային Կովկասում եւ ցանկանում է պաշտպանել դրանք: Դա բնական է: Դա դրական գործոն է, որ Ռուսաստանն ակնհայտորեն իր շահերը կապում է առաջընթացի հետ կարգավորման այդ բարդ գործընթացներում: Եթե Ռուսաստանն ակտիվ դեր կատարի այդ հարցերի լուծման մեջ, մենք միայն կողջունենք դա: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա կարծիքով, Ռուսաստանը մեծ շահեր ունի Հայաստանում, այդ թվում մեծ տնտեսական շահեր: «Սակայն, եթե Ռուսաստանը միջոցներ է ներդրել Հայաստանում, էներգետիկ ենթակառուցվածքներում եւ այլն, նա եւս շահագրգռված է հայկական տնտեսության զարգացման մեջ: Իսկ նրա դինամիկ զարգացման համար հարկավոր է պայմաններ ստեղծել: Եվ ամենակարեւոր գործոնը Հայաստանի տնտեսական բարգավաճման համար Թուրքիայի հետ սահմանի բացումն է: Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիան եւ դինամիկայի հաղորդումը տնտեսությանը բխում է Ռուսաստանի շահերից»,-ասել է դիվանագետը:



Միեւնույն ժամանակ նա ընդգծել է,որ Հայաստանը եւս արդեն մասնակցում է Եվրամիության շատ ծրագրերի, այլ երկրների հետ մասնակցում է եվրոպական հարեւանության քաղաքականությանը, իսկ այժմ նաեւ «Արեւելյան գործընկերության» ծրագրին: «Հավանաբար, շուտով բանակցություններ կսկսվեն ԵՄ-ի հետ ասոցիատիվ անդամակցության վերաբերյալ, ինչը մենք առաջարկում ենք նաեւ «Արեւելյան գործընկերության» նաեւ մյուս մասնակից երկրներին: Դա կշարունակվի անկախ նրանից, կբացվի սահմանը Թուրքիայի հետ, թե ոչ: Ի դեպ, «Արեւելյան գործընկերության» ծրագիրը մեծապես հաշվի է առնում նաեւ մեր արեւելյան գործընկերների յուրահատկությունները: Նա պարունակում է մեխանիզմներ, որոնք նախկինում չեն եղել ԵՄ ծրագրերում, այդ երկրների միջեւ խնդիրների քննարկման համար: Դա նպաստում է տարածաշրջանի ընդհանուր կայունացմանը: Եվ դա պետք է բխի նաեւ մեր մեծ հարեւանների` Թուրքիայի ու Ռուսաստանի շահերից, որոնք եւս շահեր ունեն տարածաշրջանում»,-ասել է Պիտեր Սեմնեբին, գրում է «Վրեմյա նովոստսեյ» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---