Այս տարի Վահան Թեքեյանի անվան մրցույթը կանցկացվի ինը անվանակարգով

PanARMENIAN.Net - Արդեն երեք օր է, ինչ դիմումներ են ստացվում հայ դասական գրականության մեծանուն բանաստեղծ Վահան Թեքեյանի անվան ամենամյա արվեստի, գրականության եւ գիտության 2009 թ. մրցույթին մասնակցելու համար: Մասնակիցների թիվն ավելանում է. անցյալ տարի դիմումների թիվը 130 էր:



Այս տարի մրցույթն անցկացվելու է ինը անվանակարգով` «Գեղարվեստական գրականություն», «Երաժշտություն», «Գեղանկարչություն», «Ռադիո եւ հեռուստատեսություն», «Սոցիալ-քաղաքական երգիծանք», «Երեխաների եւ դպրոցականների համար ամենալավ հաղորդումը», «Քանդակագործություն», «Թատրոն», ինչպես նաեւ «Ամենալավ հրապարակումը «Ազգ» օրաթերթում»:



Հայաստանում «Թեքեյան» մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանի խոսքերի համաձայն, մրցույթը նոր որակ է ձեռք բերել, քանի որ վերջին տարիներին դրան մասնակցում են նաեւ սփյուռքի ներկայացուցիչները:



«2010 թ. նշվելու է Հայաստանում մեր մշակութային կենտրոնի գործունեության 20-ամյակը: Այդ առիթով մենք որոշել ենք գիրք հրատարակել, որում ներկայացված կլինեն բոլոր մրցանակակիրների աշխատանքները, այդ թվում նաեւ «Ադամանդե Արարատ» մրցանակով պարգեւատրվածների աշխատանքները: Նրանցից են` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Շառլ Ազնավուրը, բարոնուհի Քերոլայն Քոքսը եւ այլք», - ասաց Ռուբեն Միրզախանյանը:



Մրցույթին մասնակցել կարող են բոլոր ցանկացողները թե' Հայաստանից, թե' սփյուռքից: Հայտերը ընդունվում են մինչեւ դեկտեմբերի 15-ը: Հեղինակավոր հանձնաժողովը, որի կազմում են գրողներ եւ արվեստագետներ, կընտրեն հաղթողներին, որոնց էլ 2010 թ. հունվարին կհանձնեն մրցանակները:



Վահան Թեքեյանը ծնվել է 1878 թ. Կոստանդնուպոլսում: 1901 թ. Փարիզում հրատարակվում է նրա բանաստեղծությունների առաջին գիրքը` «Մտորումներ»-ը: Թեքեյանի գրչին են պատկանում «Կեսգիշերից մինչեւ լուսաբաց», (1920), «Սեր» (1933), «Հայկական երգեր» (1943) եւ այլ հատընտիրներ: Թեքեյանը հայտնի է նաեւ որպես «Շիրակ» ամսագրի հիմնադիր (Կահիրե), 1915 թ.-ից հրատարակում է «Արեւ» թերթը, 1922 թ.-ից Կոստանդնուպոլսում` «Բարձրավանք» թերթը: Վահան Թեքեյանը մահացել է 1945թ.:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---