7 նոյեմբերի 2009 - 12:05 AMT
Ահմեդ Դավութօղլուն պաշտոնական Փարիզին խորհուրդ է տալիս չխանգարել Թուրքիային անդամակցել ԵՄ-ում
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Ֆրանսիային կոչ է արել չխանգարել Թուրքիային անդամակցել ԵՄ-ում: Ահմեդ Դավութօղլուն ելույթ ունենալով Փարիզի միջազգային դիվանագիտական ակադեմիայում, ասել է, որ քաղաքական, տնտեսական խնդիրները նոր համաշխարհայնացման պայմաններում հաղթահարելու համար ԵՄ-ն Թուրքիայի կարիքն ունի: Նա պատմել է իր երկրի ջանքերի մասին, որոնք ուղղված են Բալկաններում, Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում կայունություն եւ խաղաղություն հաստատելուն` հայտարարելով, որ այդ երկրների ապագան Թուրքիայի ապագան է:

«Թուրքիան Եվրոպայի մասնիկն է եւ շարունակելու է այդպիսին մնալ: Մենք հետեւելու ենք ակտիվ քաղաքականությանը, որպեսզի հասնենք գլոբալ կայունության եւ խաղաղության», - ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:

Խոսելով Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունների մասին, Ահմեդ Դավութողլուն ֆրանսիացի լիդերներին կոչ է արել գործել միասնական ռազմավարական սկզբունքներով եւ չենթարկվել հասարակության ճնշումներին, այս մասին գրում է Anatolian News agency-ն: