Թուրքիային թույլ չեն տա անմիջական միջամտություն ունենալ տարածաշրջանային հակամարտություններին

PanARMENIAN.Net - Թուրքիայի ուղղակի մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին բացառվում է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Լեռնիկ Ալեկսանյանը: Ըստ նրա, երկրի ղեկավարությունը բազմիցս է հայտարարել, որ կտրականապես դեմ է Թուրքիայի համանախագահությանը ԵԱՀԿ ՄԽ-ում:



Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա ՀՀԿ ներկայացուցիչը նշել է, որ միջազգային հանրությունը տրամադրված է ապաշրջափակել հայ-թուրքական սահմանը եւ Թուրքիան ստիպված կլինի դա անել: «Սակայն, կրկնում եմ, ոչ ոք Թուրքիային թույլ չի տա անմիջական միջամտություն ունենալ տարածաշրջանային հակամարտություններին: Անուղղակիորեն, անշուշտ, նա կարող է ազդել իրադարձությունների ընթացքի վրա, ինչպես տարածաշրջանի ցանկացած երկիր»,-ասել է Ալեկսանյանը:



Իր հերթին, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանն ասել է, որ եթե Թուրքիան բացի սահմանը, նա ազատ մուտք կունենա տարածաշրջան: «Իսկ եթե նա ազատ մուտք ունենա, նա կկարողանա միջամտել հակամարտություններին եւ ոչ ոք չի կարողանա նրան խանգարել»,-ասել է Կարապետյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---