13 նոյեմբերի 2009 - 18:49 AMT
Կարինե Ղազինյան. Հարկավոր է պարզեցնել Հայաստանի ու ԵՄ անդամ երկրների միջեւ անցագրային ռեժիմը
Նոյեմբերի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության Արեւելյան հարեւանների եւ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Օննո Հատինխային (Onno Hattinga), ում ուղեկցում էր Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Պիտեր Յան Լանգենբերգը (նստավայրը` Թբիլիսի):

Ողջունելով դեսպանին` փոխնախարար Ղազինյանը նշեց, որ Հայաստանը ցանկանում է առավել զարգացնել Եվրամիության հետ գործընկերային հարաբերությունները` կարեւորելով 2009թ. մայիսին Եվրամիության մեկնարկած Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը:

Անդրադառնալով Արեւելյան գործընկերության շրջանակներում իրականացվող քայլերին` կողմերը քննարկեցին ծրագրով նախատեսված թեմատիկ պլատֆորմների շրջանակներում նախանշված նախագծերը: Փոխնախարար Ղազինյանը կարեւորեց ԵՄ եւ ՀՀ միջեւ մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման հարցը:

Դեսպան Հատինխայի խնդրանքով տիկին Ղազինյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: