Կհրապարակվեն սերբահայերի կյանքի մասին պատմական փաստաթղթերի հետազոտման արդյունքները

PanARMENIAN.Net - Գրող, թարգմանիչ, սերբագետ Բաբկեն Սիմոնյանը ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ մեկնել է Վիեննա եւ Վենետիկ` տեղի Մխիթարյան միաբանության դիվաններում հայ-սերբական մշակութային կապերի եւ սերբահայ գաղթօջախի վերաբերյալ ուսումնասիրություններ կարատելու նպատակով: Ըստ Բաբկեն Սիմոնյանի` ուսումնասիրության նյութը վերաբերել է 18-19-րդ դարերի սերբահայ գաղթ-օջախի երեւելիներին, նրանց գործունեությանը: Ուսումնասիրվող փաստաթղթերում հստակ ուրվագծված է սերբահայ գաղթօջախի գործունեությունը: Շատ վավերագրեր, նամակներ վկայում են գաղթօջախի աշխույժ կյանքը, տեղի ունեցող հասարակական-մշակութային խմորումները:



Մեկ ամսվա ընթացքում զգալի աշխատանք է կատարվել, ուսումնասիրվել են 200-300 տարվա վաղեմություն ունեցող արժեքավոր փաստաթղթեր, վավերագրեր, գրառումներ, նամակներ, լուսանկարներ, օրագրեր, որոնք վկայում են Սերբիայում հայերի ակտիվ գործունեության փաստը, նրանց ներդրած հսկայական ավանդը սերբական մշակույթում: Արժեքավոր նյութեր են պահպանվել առանձին սերբահայերի մասին: Շատ օրագրություններից եւ հուշագրություններից կարելի է որոշակի պատկերացում կազմել մասնավորապես հոգեւոր կյանքի առկայության մասին, քանի որ միջնադարյան Սերբիայում հոգեւոր առաքելություն իրականացրել են Վենետիկի եւ Վիեննայի Մխիթարյան միաբանության հայրերը:



Ուսումնասիրությունները սկսվել են Վիեննայի, այնուհետեւ շարունակվել Վենետիկի Մխիթարյան միաբանության դիվաններում, ու թեեւ ժամանակը սուղ էր նման ծավալուն ուսումնասիրություն կատարելու համար, միաբանության հոգեւոր դասի բարյացակամ վերաբերմունքը շատ բանով է նպաստել, որպեսզի նյութի ուսումնասիրումը լինի առավել արդյունավետ ու նպատակային:



Մոտ ապագայում գրող, թարգմանիչ, սերբագետ Բաբկեն Սիմոնյանի` Սերբիայի հայ գաղթօջախի ձեւավորմանն ու գործունեությանը նվիրված գիրք- աշխատությունը լույս կտեսնի:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---