4 դեկտեմբերի 2009 - 14:21 AMT
Կազմակերպիչները մատչելի գներ են խոստանում Յան Գիլանի երեւանյան համերգների համար
«Deep Purple» լեգենդար ռոք-խմբի մենակատար Յան Գիլանը մարտի 26-27-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ երկու բարեգործական համերգ կտա Երեւանում: Համերգների կազմակերպիչներն են «Մեդիամաքս» գործակալությունը եւ բբջային կապի օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

Համերգների հասույթը կուղղվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի նոր շենքի կառուցմանը, որտեղ սովորում է 200 երեխա: Այդ մասին դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը: Նա հավաստիացրել է, որ տոմսերի գները մատչելի կլինեն:
Իր հերթին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը, հիշեցնելով, որ «Deep Purple» խումբը ժամանակին համերգ է ձայնագրել Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, ասել է, որ հավանաբար, երեւանյան համերգների ծրագիրը նման կլինի Լոնդոնի ծրագրին: «Հնարավոր է, որ մեր համերգը հիմք կհանդիսանա նոր DVD-ի համար: Սակայն վերջնական ծրագիրը կհաստատվի դեկտեմբերի վերջին»,-ասել է նա:

«Մենք ուրախ ենք, որ կարող ենք նպաստել Գյումրու երաժշտական դպրոցի նոր շենքի կառուցմանը, քանի որ վստահ ենք, որ Հայաստանում գործող ցանկացած ընկերություն պետք է ստանձնի այն խնդիրների մի մասը, որոնց չի կարողանում անդրադառնալ կառավարությունը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրենը:
Կազմակերպիչները հավաստիացրել են, որ մինչեւ տարեվերջ թիվ 6 երաժշտական դպրոցի աշակերտները կստանան նոր երաժշտական գործիքներ:

Հայաստանում համերգներ տալու հնարավորության մասին Յան Գիլանը հայտարարեց դեռեւս հոկտեմբերին, երբ «Հայաստանն երախտապարտ է ռոքին» ծրագրի շրջանակներում «Black Sabbath»-ի կիթառահար Թոնի Այոմիի, «Asia» խմբի դաշնակահար Ջեֆ Դաունսի, 1987թ. Ուիմբլդոնի տղամարդկանց մրցաշարի մրցանակակիր, թենիսիստ Պետ Քեշի, ինչպես նաեւ ավստրալական «Do something» բարեգործական կազմակերպության տնօրեն Ջոն Դիի հետ միասին այցելել էր Երեւան: