Երեւանը պատրաստ է աշխատել Հայաստան- ԵՄ ասոցիացիայի վերաբերյալ համաձայնագրի վրա

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԵՄ անդամ երկրների եւ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը



Դեկտեմբերի 8-ին Բրյուսելում տեղի ունեցավ ԵՄ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների առաջին հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ պատվիրակությունը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:



Շվեդիայի ԱԳ նախարար, ԵՄ արտգործնախարարների խորհրդի նախագահ Կարլ Բիլդի նախագահությամբ անցած նիստին ներկա էին Արեւելյան գործընկերություն ծրագրում ընդգրկված պետությունների եւ ԵՄ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպական խորհրդի, Եվրոպական խորհրդարանի բարձրաստիճան ներկայացուցիչներ:



Արտգործնախարարները գնահատեցին համագործակցության նոր ձեւաչափի շրջանակներում կատարված աշխատանքները եւ ուրվագծեցին ձեռնարկվելիք քայլերը, մտքեր փոխանակեցին Գործընկերության ներուժի առավել արդյունավետ կիրառման վերաբերյալ:



Հանդիպմանը ելույթով հանդես եկավ ՀՀ արտգործնախարարը՝ նշելով, որ Հայաստանը ձգտում է առավել ամրապնդել Եվրոպական միության հետ հարաբերությունները: Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ` Գործընկերության նախաձեռնությունը ստեղծում է Եվրոպական միության հետ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար հարթություններում համագործակցության լրացուցիչ հնարավորություններ:



Անդրադառնալով գործընկեր երկրների հետ նոր որակի իրավա-պայմանագրային հարաբերություններ հաստատելու ԵՄ մտադրությանը՝ Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ դա վկայում է վերջին տաս տարիներին հաստատված համագործակցության դրական արդյունքի մասին, եւ հայտնեց Հայաստանի պատրաստակամությունն աշխատել Հայաստան-ԵՄ Ասոցիացման համաձայնագրի մշակման եւ խորացված ու համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման ուղղությամբ:



Ընդգծելով, որ գործընկերության ծրագրով առաջարկված բոլոր նախաձեռնություններն էլ կարեւոր են Հայաստանի եւ մյուս գործընկերների համար, նախարար Նալբանդյանը հատուկ ուշադրություն հրավիրեց մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման հարցի վրա, քանի որ դա էապես կխթանի հասարակությունների եւ մարդկանց միջեւ շփումները: «Կրթական, երիտասարդական եւ մշակութային փոխանակումները կարեւոր նշանակություն ունեն եւ մենք պետք է քաջալերենք դրանք խթանող նախաձեռնություններին»- ասաց Հայաստանի արտգործնախարարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---