ՀՀ տեղեկատվական անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է պետության աջակցությունը

PanARMENIAN.Net - 17 դեկտեմբերի 2009թ., Երեւան: Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) տեղի ունեցավ Հայաստանի կապի ազգային ցանցի կենսունակության եւ տեղեկատվական անվտանգության ապահովման հիմնախնդիրներին նվիրված սեմինար-քննարկում: Հրավիրված էին խնդրին փորձագիտական մակարդակով տիրապետող անձինք, Անվտանգության խորհրդի, պաշտպանության եւ ազգային անվտանգության ոլորտների մասնագետներ, քաղաքական գործիչներ:



ՌԱՀՀԿ վարչական տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարապետ Կալենչյանը բացման խոսքում ընդգծեց հիմնախնդրի հրատապությունը` տեղեկացնելով, որ վերջին շրջանում ՌԱՀՀԿ-ը բազմիցս անդրադարձել է Հայաստանի տեղեկատվական անվտանգության հարցերին:



Ներկայացնելով հիմնական զեկուցողին` տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարեն Մաթեւոսյանին, Կալենչյանը հիշեցրեց, որ դեռեւս Խորհրդային միության ժամանակ` մասնավորաբար 70-ական թվականներին, Հայաստանն առաջին երկիրն էր, որը Երեւան քաղաքում մշակեց, կառուցեց եւ ներդրեց միջքաղաքային ավտոմատ հեռագրական կոմուտացիոն կենտրոնը` օգտագործելով այն ժամանակ Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի կողմից թողարկվող` ԵՍ-1030 եւ ԵՍ-1045 մակնիշի համակարգիչները: «Այդ կոմուտացիոն կենտրոնների հեղինակը Կարեն Մաթեւոսյանն էր, որը փոքրաթիվ իր անձնակազմով կարողացավ կենտրոնական կապի ինստիտուտի Երեւանի մասնաճյուղի սահմաններում ներդնել եւ ծածկույթի տակ առնել Խորհրդային միության գրեթե ամբողջ տարածքը: Այժմ Մաթեւոսյանը մեզ առաջարկում է նոր գաղափար` կապված Հայաստանի տեղեկատվական ցանցի անվտանգ աշխատանքի հետ»,- նշեց Կալենչյանը:



Իր զեկուցման մեջ Մաթեւոսյանը կարեւորեց արտաքին ազդեցությունների պայմաններում տեղեկատվական եւ համակարգչային ցանցերի կենսունակության ապահովումը եւ ներկայացրեց խնդրի լուծման սեփական եղանակները: «Ներկայացված մեթոդների իրականացումը երկրի կտրվածքով կապահովի ազգային ցանցերի գործունեության հուսալիությունը, տեղեկատվական անվտանգությունը եւ կենսունակությունը, սակայն Հայաստանի համար չափազանց կարեւոր այս խնդիրը հնարավոր չէ լուծել միայն շուկայական մեխանիզմների միջոցներով»,- շեշտեց հռետորը` հավելելով, որ դրական արդյունք կարելի է ստանալ արդեն 3-4 տարվա ընթացքում, եթե պետությունն ակտիվորեն ստանձնի ոլորտի համակարգման եւ բոլոր մասնակիցների համագործակցության ու հարաբերությունների կարգավորման գործառույթը, հաղորդում է ՌԱԿԿԿ-ի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---