Երեւանցիները Նոր տարին կդիմավորեն առանց ձյան

PanARMENIAN.Net - 2009 թ. Հայաստանում ամռանը անսովոր էր տեղումների առատությամբ, իսկ աշնանն ու ձմռանը անսովոր տաք է, դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը կից Հայօդերեւութաբանական կենտրոնի տնօրեն Զարուհի Պետրոսյանը:



«Կարելի է ասել, որ այս իրավիճակը անոմալիայի է նմանվում», - նշել է Զարուհի Պետրոսյանը: Նրա խոսքերի համաձայն, ընթացիկ տարվա դեկտեմբերին Երեւանում եւ Արարատի դաշտավայրում գրանցվել է +15 աստիճան, Մեղրիում` +20 աստիճան, իսկ Կապանում` +19 աստիճան ջերմություն: Վերջին 100 տարվա ընթացքում դեկտեմբերին այսպիսի տաք ջերմաստիճան է գրանցվել 1937, 1938, 1963, 1967 թվականներին:



Մոտակա օրերին եւս սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում մինչեւ +18 աստիճան: Հանրապետության ողջ տարածքում մոտակա երեք օրերին սպասվում են տեղումներ, սակայն անձրեւի տեսքով, իսկ ձյուն կտեղա միայն բարձրլեռնային շրջաններում:



«Եթե բարձր ջերմաստիճանը երկար տեւի, ապա գյուղատնտեսությունը կտուժի, քանի որ եթե միջին օրական ջերմաստիճանը 5 օր անընդմեջ նորմայից բարձր է 5 աստիճանով, այդ դեպքում բնությունը աստիճանաբար սկսում է արթնանալ: Հայաստանի հարավում, Մեղրի քաղաքի մոտ բալենիների վրա , իսկ Արարատյան դաշտավայրում` ծիրանենիների եւ դեղձենիների վրա նկատվում են բողբոջներ: Սակայն ներկայում գյուղատնտեսության համար լուրջ վտանգ դեռեւս չկա», - ընդգծել է Զարուհի Պետրոսյանը:



Ներկայում առանձին դեպքերում օդի միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր է լինում 6-10 աստիճանով:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---