Սերգեյ Լավրովը ծրագրային այց է կատարել Հայաստան` ոչ ծրագրային ժամանակում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ծրագրային այց կատարեց Հայաստան ոչ ծրագրային ժամանակում: Այս մասին «Հայ-ռուսական հարաբերություններ. ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Երեւան» թեմայով Երեւան- Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերի համաձայն, Ռուսաստանի նախարարը Հայաստան է եկել ոչ սովորական ժամանակաընթացքում, երբ ՀՀ ՍԴ որոշում է ընդունել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների վերաբերյալ եւ դեռ դրա քննարկումը սպասվում է Թուրքիայի խորհրդարանում:



«Այս ժամանակաշրջանը ե'ւ լարված է, ե'ւ հետաքրքիր: Ռուսաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների առանձնակի զարգացում ունի ինչպես էներգետիկայի, այնպես էլ ռազմաքաղաքական համագործակցության առումով: Այս իրադարձությունների ֆոնին Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցը կարեւոր նշանակություն ունի ողջ տարածաշրջանի համար», - ասել է քաղաքագետը: Նա ավելացրել է, որ իրադարձությունները համաչափորեն զարգանում են ինչպես Երեւանում, այնպես էլ Մոսկվայում եւ Անկարայում:



Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովն, իր հերթին նշել է, որ ՌԴ ԱԳ նախարարի այցը պետք է դիտարկել հետեւյալ եռանկյունում` Թուրքիայի վարչապետի այցը Մոսկվա, Սերգեյ Լավրովի այցը Հայաստան, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա: Նա ընդգծել է, որ այդ այցերի ընթացքում քննարկվել են եւ քննարկվելու են տարածաշրջանային հարցեր` ղարաբաղյան հակամարտության կարգավորման , հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:



Հունվարի 13-14-ին Սերգեյ Լավրովը գտնվում էր Հայաստանում: Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարարը պատասխանելով PanARMENIAN.Net -ի լրագրողի հարցին, մեկնաբանեց իր այցի վերաբերյալ տարածված լուրերը եւ հայտարարեց, որ իր այցի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ամիսուկես առաջ:



«Իմ այցելության մասին մենք պայմանավորվել էինք մեկ եւ կես ամիս առաջ, իսկ Թուրքիայի վարչապետը Մոսկվա այցելելու ցանկություն հայտնեց մի քանի օր առաջ: Այնպես որ, նույն հաջողությամբ իմ այցը կարելի է հարմարեցնել ցանկացած մեկ այլ իրադարձությանը, որ կատարվել է երկրագնդի որեւէ կետում», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները ստորագրվել են 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Այն ստորագրել են Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլին` ներկայությամբ Ֆրանսիայի, ԱՄՆ, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի ԱԳ նախարարների: Շվեյցարիան 2007 թ.-ից հայ-թուրքական հարաբերությունների բանակցություններում որպես միջնորդ է հանդես գալիս: Փաստաթղթի համաձայն, երկու երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993 թ. փակված հայ-թուրքական սահմանը: 2010 թ. հունվարի 10-ին ՀՀ ՍԴ-ն որոշում ընդունեց, որով արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչվեց:



Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն - 1923 թ. առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության կարծիքը, ԿԿ Կովկասյան բյուրոյի որոշմամբ ԼՂ-ն մտնում է Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ եւ ձեւավորվում է որպես Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ: 65 տարի անց ԼՂՀ-ում սկիզբ է առնում ազգային շարժում, որը ձգտում էր վերամիավորվել մայր հայրենիքին` Հայաստանին: 1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անկախության հանրաքվե է անցկացվում: 1991 թ. դեկտեմբերի 28-ին անցկացվում են խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում ձեւավորվում է առաջին կառավարությունը: Նույն թվականի աշնանը Ադրբեջանը պատերազմական գործողություններ է սկսում: Լեռնային Ղարաբաղի պատասխան քայլերի արդյունքում 1994 թ. հրադադարի համաձայնություն է ձեռք բերվում կողմերի միջեւ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---