Ադրբեջանական ԶԼՄ-ները կրկին խեղաթյուրում են շփման գծում միջադեպերի մասին փաստերը

PanARMENIAN.Net - Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, այսօր` հունվարի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հարավ-արեւելյան հատվածում` Ֆիզուլու ուղղությամբ տեղակայված հակառակորդի դիրքերից մեկում` առավոտյան ժամը 10-ի մոտերքին միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հողի վրա տեղի է ունեցել միջադեպ, որը նկատել եւ արձանագրել են հայ դիրքապահները: Վերջիններիս հավաստմամբ դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական հենակետին մերձակա բաց տարածքում, որի ժամանակ թվով 7 ասկյարների միջեւ ծագած վեճը վեր է ածվել ծեծկռտուքի, իսկ այնուհետեւ լսվել են փոխհրաձգության ձայներ... Քիչ անց դեպքի վայր է հասել շտապ օգնության մի մեքենա եւ իսկույն հեռացել: Ըստ հաստատված տեղեկության` շտապ օգնության մեքենայով տեղափոխել են միջադեպի արդյունքում տուժված մահամերձ ասկյարի:



Հատկանշական է, որ նույն այդ դեպքից ընդամենը րոպեներ անց ադրբեջանական լրատվամիջոցները լուր տարածեցին առ այն, թե իբր Ֆիզուլու ուղղությամբ սպանվել է մեկ զինված հայ, որը փորձում էր անցնել շփման գիծը:



Մեկնաբանելով ադրբեջանական աղբյուրների կողմից տարածված այս տեղեկությունը, ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանն ասաց, որ դա ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլեւ ադրբեջանական կողմն, իր սովորության համաձայն, փորձում է դեպքերը ներկայացնել գլխիվայր...



Ինչ վերաբերում է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում տիրող իրավիճակին, ապա ըստ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության` անցած գիշեր եւ այսօրվա ընթացքում առաջնագծի մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Աշաղը Աբդուռահմանլի, Չախրլը, Հորադիզ, Կարախանբեյլի, Կուրոպատկինո, Սարըջանլու, Շխլար եւ Ջրաբերդ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն):1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: 65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:



1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Ադրբեջանի Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջաբրահիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասության տակ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---