Եռակողմ հանդիպումը Սոչիում որոշ առաջընթաց կհաղորդի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացներում տարբեր փուլեր են եղել` բեկումներ, ակնկալիքներ, տեղապտույտ, սակայն ԵԱՀԿ-ում Ղազախստանի նոր նախագահությունը դրական խթան կհաղորդի գործընթացին: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը: «Ես մեկ բան կարող եմ ասել` ԵԱՀԿ Ղազախստանը ներկայացնող համանախագահի առաջին հերթին Անդրկովկաս այցելելու որոշումը վկայում է խնդրի հանդեպ Աստանայի շահագրգռվածության մասին, եւ ես հուսով եմ, որ այն խթանը, որը կհաղորդի նոր նախագահությունը մեր կազմակերպությանը, դրական անդրադարձ կունենա նաեւ նրա արդյունավետության վրա»,-ասել է նա:



Այդ առնչությամբ Սերգեյ Կապինոսը հավելել է, որ հարկավոր է սպասել Սոչիի արդյունքներին, որտեղ հունվարի 25-ին տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: «Դա կարող է որոշ դրական արդյունքների հանգեցնել: Եկեք սպասենք եւ առաջ չանցնենք իրադարձություններից, քանի որ գործընթացն ինքը շատ բարդ է, եւ այն հրապարակային հայտարարությունները, որոնք անում է ադրբեջանական կողմը, որոշակի զսպվածության են տրամադրում»,-ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը:



Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:



ԵԱՀԿ-ն (OSCE, Organization for Security and Co-operation in Europe)` Եվրոպայում համագործակցության եւ անվտանգության կազմակերպությունը աշխարհի խոշորագույն տարածաշրջանային կազմակերպությունն է, որը զբաղվում է անվտանգության հարցերով: Այն ընդգրկում է 56 երկիր:



Նախկին անվանումը` Եվրոպայում համագործակցության եւ անվտանգության խորհրդակցություն (Conference for Security and Cooperation in Europe - CSCE):



ԵԱՀԿ-ի մասնակից պետությունները` Ավստրիա, Ալբանիա, Անդորրա, Բելգիա, Բուլղարիա, Բոսնիա եւ Հերցոգովինա, Վատիկան, Մեծ Բրիտանիա, Վենգրիա, Գերմանիա, Հունաստան, Դանիա, Իռլանդիա, Իսլանդիա, Իտալիա, Կիպրոս, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ, Մակեդոնիա, Մալթա, Մոնակո, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Չեռնոգորիա, Չեխիա, Շվեյցարիա, Շվեդիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սերբիա, Սան-Մարինո, Սլովենիա, ԱՄՆ, Ռուսաստան, Հայաստան, Ուկրաինա, Հայաստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Էստոնիա, Ադրբեջան, Թուրքիա, Թուրքմենստան, Ղրղզստան:



Համագործակցության գործընկերներ` Ալժիր, Եգիպտոս, Հորդանան, Մարոկկո, Թունիս, Աֆղանստան, Մոնղոլիա, Հարավային Կորեա, Թաիլանդ, Ճապոնիա:



1992 թ-ի հունվարի 30-ց Հայաստանը անդամակցում է ԵԱՀԿ-ին: 2010թ. հունվարի 1-ից ԵԱՀԿ նախագահությունը Հունաստանից անցավ Ղազախստանին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---