Այժմ Անկարան Երեւանից պահանջում է իրավական երաշխիքներ

PanARMENIAN.Net -
Թուրքիան մտադիր է սկսել իրավաբանական խորհրդատվություններ, որպեսզի կարողանա ստանալ իրավական երաշխիքներ ՀՀ ՍԴ-ի Արձանագրությունների որոշումի վերաբերյալ: Այդ նպատակով թուրքական ղեկավարությունը սկսում է իրավաբանական խորհրդատվություններ, որտեղ Անկարան մտադիր է հրավիրել ԱՄՆ-ին եւ Շվեյցարիային: Ինչպես գրում է Zaman թուրքական թերթը, Թուրքիան անհրաժեշտ է համարում ամրապնդել փաստաթղթում այն դրությունը, որ ՀՀ ՍԴ-ի որոշումը չի ազդի Արձանագրությունների բովանդակությանը:



Թերթի դիվանագիտական աղբյուրները հաղորդել են, որ Թուրքիան արդեն տեղեկացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ ընդգրկված բոլոր պետություններին, այդ թվում ԵՄ-ը եւ ԵԱՀԿ ՄԽ-ն այն մասին, որ նա չի վավերացնի Արձանագրությունները, մինչեւ չստանա իրավական երաշխիքներ:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:



Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես մեկնաբանել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը: Ինչպես ասվում է Թուրքիայի ԱԳՆ կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, ՀՀ ՍԴ որոշման հիմնավորումը նախապայմաններ եւ սահմանափակող դրույթներ է պարունակում, որոնք հակասում են Արձանագրությունների տառին ու ոգուն:



«2010 թվականի հունվարի 12-ին Հայաստանի ՍԴ-ն երկրի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունները: ՍԴ որոշումը հրապարակվել է սեղմ տեքստով: Այդ որոշումը խարխլում է Արձանագրությունների շուրջ բանակցությունների էությունը, ինչպես նաեւ հիմնական նպատակները: Նման մոտեցումը չի կարող ընդունվել մեր կողմից»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:



Հաղորդագրության մեջ ասվում է, որ Թուրքիան, ըստ ստանձնած պարտավորությունների, հավատարիմ է մնում Արձանագրությունների դրույթներին եւ նույնն ակնկալում է հայկական կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---