Հայ փախստականների խնդիրների լուծումը պետք է կառավարության համար առաջնային դառնա

PanARMENIAN.Net -
«Ադրբեջանը լքած փախստականներին օթեւանով ապահովելու խնդիրները լուծված չեն, եւ նրանց սոցիալական դրությունը չի տարբերվում 20 տարի առաջ եղած դրությունից»,- փետրվարի 2-ին ՀՀ ԱԺ-ում հայտնեց ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը:



Առաքելյանի խոսքով, հայ փախստականների սոցիալական խնդիրները յուրովի ունիկալ են, որոնք չարժե համեմատել Հայաստանի բնակչության այլ խավերի խնդիրների հետ: Պատգամավորը նշեց, որ փախստականների խնդիրների ունիկալությունը կայանում է նրանում, որ նրանց փախստական են դարձել Լեռնային Ղարաբաղի համար մղվող ազատագրական պայքարի, ինչպես նաեւ Ադրբեջանի չարաշահ հայտարարությունների արդյունքում:



Ռուզաննա Առաքելյանն առաջարկեց հայ փախստականների սոցիալական հարցերի լուծումը ներառել կառավարության վարկային ծրագրերի մեջ: «Որպեսզի մենք 20 տարի անց չվերադառնանք այդ հարցին»,- ընդգծեց ՀՅԴ խմբակցության պատգամավորը:



Բաքվում հայերի ջարդերի ժամանակ 1990թ. հունվարի 13-19-ը, տարբեր աղբյուրներով, սպանվել է շուրջ 400 մարդ, 200 հազար հայեր արտաքսվել են քաղաքից: Զոհվածների հստակ թիվը ճշտելն անհնար էր, քանի որ ջարդերի գործով հետաքննություն չտարվեց:



Խաղաղ բնակիչների ջարդերն ու սպանությունները շարունակվեցին մինչեւ հունվարի 20-ը, երբ քաղաք մտան Խորհրդային բանակի ստորաբաժանումները: 1990թ. հունվարի 12-13-ին հայկական ջարդերը Բաքվում կազմակերպված եւ զանգվածային բնույթ ստացան: Հունվարի 13-ին ժամը 17-ից հետո շուրջ 50-հազարանոց ամբոխը, բաժանվելով խմբերի, սկսեց տուն առ տուն անցնել` «մաքրելով» քաղաքը հայերից:





1990 թվականի հունվարի 17-ին Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց, որով կոչ էր արվում արտգործնախարարների Եվրոպական խորհրդին եւ Եվրախորհրդին պաշտպանել հայերին եւ պահանջել ԽՍՀՄ կառավարությունից անհապաղ օգնություն ցույց տալ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին: Հունվարի 18-ին ամերիկացի սենատորների մի խումբ նամակ հղեց Մ.Գորբաչովին, որտեղ իր մտահագությունն էր հայտնում Բաքվում հայերի ջարդերի կապակցությամբ եւ կոչ էր անում միացնել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին:



Ընդհանուր առմամբ 1988-1990 թվականների էթնիկական զտումների արդյունքում Ադրբեջանից ստիպված էին հեռանալ մոտ կես միլիոն հայեր, որոնց մի մասը համալրեց Սփյուռքը, իսկ կեսից ավելին մշտական բնակություն հաստատեց Հայաստանում:



Հայ հեղափոխական դաշնակցությունը հնագույն քաղաքական կուսակցություն է: Ստեղծվել է 1890թ. Թիֆլիսում: 1918-20թթ. Դաշնակցությունը եղել է ՀՀ իշխող կուսակցությունը: Խորհրդային զորքեր մտցնելու արդյունքում դաշնակների կառավարությունը դադարեցրեց գոյությունը, նրա զինված կազմավորումները ջախջախվեցին, ղեկավարության մի մասը գնդակահարվեց, մի մասը` արտագաղթեց: 1988թ. կուսակցությունը վերադարձավ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ: Ներկայումս ՀՅԴ բաժանմունքներ կան Սփյուռքի բոլոր երկրներում, հատկապես ուժեղ են նրա դիրքերը Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Ամերիկայում:



1994թ. ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով կուսակցության գործունեությունը երկրի տարածքում արգելվեց, մի շարք անդամներ ձերբակալվեցին: 1998թ. հրամանագիրը չեղյալ հայտարարվեց նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այսօրվա դրությամբ կուսակցությունը ընդդիմության շարքերում է: Երեւանում է գտնվում կուսակցության ղեկավար մարմինը` Բյուրոն: Կուսակցությունը Սոցինտերրնի անդամ է:



Կուսակցության ծրագիրն անփոփոխ է մնում` ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի ստեղծում 1920թ. Սեւրի պայմանագրի հաստատած սահմաններում, այսինքն Մեծ Հայաստանի մի մասի վրա:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---