Փետրվարի 1-ին Հայաստանում մեկնարկել է «Գարնանն ընդառաջ» ծրագիրը, որը կշարունակվի մինչեւ գարնան ավարտը

PanARMENIAN.Net -
«Գարնանն ընդառաջ» ծրագիրը, որն այս տարի անց է կացվում Հայաստանում երկրորդ անգամ, մեկնարկել է փետրվարի 1-ին եւ կշարունակվի մինչեւ գարնան ավարտը: Մեկնարկի օրը պատահական չէ ընտրված` ձմեռումը տաք երկրներում անցկացնելու հետո չվող թռչունները փետրվարի սկզբին արդեն սկսում են վերադառնալ Եվրոպա:



Ծրագրի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել թռչունների սեզոնային միգրացիայինն առնչվող հարցերին, մարդկանց իրազեկել վայրի բնության թեւավոր ներկայացուցիչների մասին, հոգատարություն սերմանել նրանց հանդեպ: Ծրագիրը իրագործվում է BirdLife International միջազգային կազմակերպության կողմից: Մեր երկիրն այդ համաեվրոպական ծրագրին է մասնակցում 2009 թվականից` «Հայաստանի թռչունների պահպանման միություն» (ASPB) հասարակակական կազմակերպության նախաձեռնությամբ: ASPB-ն հանդիսանում է BirdLife International-ի հայաստանյան ներկայացուցիչն ու գործընկերը:



«Ծրագիրը կոչված է տվյալներ հավաքագրել այն մասին, թե չվող թռչունները ե՞րբ են վերադառնում իրենց բնադրման վայրերը,- ասում է «Գարնանն ընդառաջ»-ի ազգային պատասխանատու Ծովինար Հովհաննիսյանը :- Ուստի ծրագիրը կարեւորվում է նրանով, որ այն ունի աշխարհագրական լայն սփռվածություն եւ միաժամանակ հնարավորություն է ընձեռում տվյալներ հավաքագրել անմիջապես տեղի բնակիչներից: Հարկ է նշել, որ անցած տարիների ընթացքում արձանագրվել է մոտ 94 000 դիտարկում: Եվ գիտնականները կարեւորում են «Գարնանն ընդառաջ» ծրագիրը, որովհետեւ այն իրենց օգտակար տեղեկություններ է տրամադրում չվող թռչունների ձմեռման վայրերից վերադարձի ժանկետների մասին:



Ծրագրի շրջանակներում դիտարկումների համար ընտրվել են Եվրոպական մայրցամաքի համար չորս առավել տարածված չվող տեսակներ` Սովորական կկուն (Cuculus canorus), Գյուղական ծիծեռնակը (Hirundo rustica), Սպիտակ արագիլը (Ciconia ciconia) եւ Սեւ մանգաղաթեւը (Apus apus): Այդ թռչունները լայն տարածում ունեն նաեւ Հայաստանում:



Այս տարի «Գարնանն ընդառաջին» առաջին անգամ միացել է նաեւ Աֆրիկյան մայրցամաքը: Այսպիսով, Եվրոպայի ու Աֆրիկայի բնակիչներն էլ կկարողանան կիսել գարնանային չուի զարմանահրաշ երեւույթի գրավչությունը:



Ներկայումս «Գարնանն ընդառաջ» ծրագրին ներգրավվել է 33 եվրոպական պետություն, այդ թվում` Ավստրիան, Բելառուսը, Հայաստանը, Իտալիան, Կիպրոսը, Ֆինլանդիան, Ռուսաստանի Դաշնությունը, Պորտուգալիան, Թուրքիան: Հայաստանի թռչունների պահպանման միությունը 2006 թվականից հանդիսանում է BirdLife International-ի ներկայացուցիչ եւ գործընկեր: BirdLife International-ը հանդիսանում է թռչունների պաշտպանությանը հատուկ ուշադրություն դարձնող բնապահպանական կազմակերպությունների (BirdlLife Partners) համընդհանուր ալյանս : 2009 թվականից ASPB-ն անդամակցում է Բնության եւ բնական պաշարների պահպանման միջազգային միության (IUCN):

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---