28 հունվարի 2010 - 13:34 AMT
PanARMENIAN.Net -
Հայաստանի շախմատի կանանց առաջնության 6-րդ տուրից հետո 5-րդ տուրի առաջատար Սիրանուշ Անդրիասյանի հանդեպ տարած հաղթանակի շնորհիվ, Լիա Մարտիրոսյանը գլխավորեց մրցաշարային աղյուսակը 4,5 միավորով: Նարինե Գասպարյանն ու Սիրանուշ Անդրիասյանը 4 միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ տեղերը:
ՀՀ շախմատի կանանց 65-րդ առաջնությանը մասնակցում են 10 շախմատիստուհիներ Հայաստանի եւ Երեւանի մարզերից: Առաջնությունն անցնում է շրջանակային համակարգով:
6-րդ տուրի պարտիաներն ավարտվել են հետեւյալ կերպ`
Լուսինե Կարապետյան-Վարդուհի Քալաշյան-0:1
Աննա Հայրապետյան-Նաիրա Մովսիսյան-0,5:0,5
Լիա Մարտիրոսյան-Սիրանուշ Անդրիասյան-1:0
Անի Խանամիրյան-Նարինե Գասպարյան-0:1
Մարիաննա Գասպարյան-Անահիտ Խառատյան-0:1:
Առաջնության հաղթողը կընդգրկվի ՀՀ կանանց հավաքականի մեջ եւ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Հաղթողները նաեւ դրամական պարգեւներ կստանան:
Շախմատը հատուկ ֆիգուրներով սեղանի տրամաբանական խաղ է 64 վանդակներով խաղատախտակի վրա` երկու մրցակիցների համար, որն իր մեջ արվեստի, գիտության եւ սպորտի տարրեր է պարունակում: Վերարտադրում է որոշակի կանոններով մարտնչող ուժերի գործողությունները: Խաղն իր անվանումը ստացել է պարսկերենից` շահ եւ մատ, ինչը նշանակում է «տիրակալը վախճանվեց»:
Խաղում են երկու հոգի (կարող են խաղալ նաեւ խաղացողների խմբեր` մեկը մյուսի դեմ կամ մի խաղացողի դեմ; նման խմբերը սովորաբար կոչվում են կոնսուլտանտներ) շախմատային եւ ՖԻԴԵ մրցաշարային կանոններով: Շախմատային կոմպոզիցիայում կազմողը կարող է փոխել խաղատախտակի չափերը, նոր ֆիգուրներ ներմուծել, փոխել քայլի կանոնները եւ այլն: Գիտությունն ուսումնասիրում է շախմատային խաղի զանազան ասպեկտները (օրինակ` Ձիու քայլի մասին դասական խնդիրը եւ Ութ թագուհիների մասին խնդիրը), այդ թվում կատարվում է խաղի համակարգչային մոդելավորում: