Հայաստանի ՀՆԱ-ն 2010թ. կարող է կազմել -3 տոկոսից մինչեւ +3 տոկոս

PanARMENIAN.Net -
Եթե համաշխարհային տնտեսությունը չհայտնվի ճգնաժամի երկրորդ ալիքի ազդեցության տակ, Հայաստանի ՀՆԱ-ի տատանումը 2010թ. կարող է կազմել -3 տոկոսից մինչեւ +3 տոկոս: Այդ մասին մամլո ասուլիսում լրագրողներին է հայտնել «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը: Ընդ որում, ըստ նրա, սղաճի ցուցանիշն այս տարի կարող է տատանվել 6-9 տոկոսի սահմաններում:



Ինչ վերաբերում է ազգային արժույթի փոխարժեքին, ապա, ըստ նրա, հնարավոր են ճնշումներ, սակայն, «ամբողջական արժեզրկման մասին խոսք չի գնում»:



«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնն առաջարկում է Հայաստանի կառավարությանը մշակել Հայաստանի կայուն զարգացման ռազմավարական մոդել: «Անհրաժեշտ է մշակել երկրի կայուն զարգացման մոդել, ոչ թե գնալ հնի հետքերով, այսինքն, ունենալ տնտեսություն, որտեղ դրամական փոխանցումների միջոցով սնվում է շինարարության ոլորտը, ունենալ ընթացիկ դեֆիցիտի եւ արտահանման խնդիր»,-ասել է նա: Բացի այդ, ըստ Հերգնյանի, Հայաստանի երկարաժամկետ ռազմավարությունը չի կարող հիմնվել նրա վրա, թե երկրի համար բաց են հաղորդակցության ուղիները, «դրանք ինչպես բացվում են, այնպես էլ կարող են փակվել»:



Այս կապակցությամբ Հերգնյանը հավելել է, որ տնտեսության կայուն զարգացման մոդելը պետք է հիմնված լինի այն դասերի վրա, որ Հայաստանը քաղեց ճգնաժամից, ինչպես նաեւ ռազմավարական եւ տեխնիկական ներուժի, գիտատար տնտեսության վրա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---